Հռոմից հետո նորեն այցելեցի Նապոլիի թանգարանը և ոչ մի հիասթափում։ Հռոմում և Նապոլիում ես հիանում էի իտալական ժողովուրդի երգեցողությամբ։ Ոչ մի ժողովուրդ չգիտե այնպես հաճելի և, որ գլխավորն է, այնքան կանոնավոր երգել, որքան միջին իտալացին։ Հիշում եմ սրանից 14 տարի առաջ, երբ մի գիշեր ես գոնգոլայով մեն մենակ շրջում էի Վենետիկի ջրերում, իմ նավավարը, որ մի առույգ ծերունի էր, հանկարծ սկսեց երգել մի կտոր Վերդիից։ Անմիջապես հեռավոր նավավարները ձայնակցեցին նրան։ Քիչ անցած աջ ու ձախից բացվեցին լուսամուտներ և այնտեղից լսվեց կանանց ձայնակցություն։ Դա մի գեղեցիկ համերգ էր, որ երբեք չեմ մոռանա։
Նապոլիի կաֆեներում, երբ օրկեստրը նվագում է Ռոսինիից կամ Վերդիից մի կտոր, անկարելի է, որ իտալացի հաճախորդները չերգեն։ Փարիզի կաֆեներում էլ երբեմն պատահում է, որ երգում են, բայց որքա՜ն մեծ տարբերություն։ Ֆրանսիացին ընդհանրապես երաժշտական ձայն չունի ու երգում է միշտ սխալ, բայց միշտ գոհ է իր ձայնով։
Մի անգամ ծովափում, մի ճաշարանի առջև տեսա մի շատ սրտաշարժ տեսարան. մոտ 10—15 կույրերից բաղկացած մի խումբ նվագում և երգում էր. հարցրի
— Ո՞վքեր են դրանք։
— Նախկին զինվորներ, որոնք կուրացել են գազից պատերազմի ժամանակ։
Ամբոխը նրանց վարձատրում էր առատությամբ։ Երգում են նույնիսկ մուրացկանները, և դու հաճույքով ես տալիս քո ողորմությունը։
Բայց որքան հաճելի է իտալացու ձայնը, երբ նա երգում է, նույնքան անախորժ է, երբ խոսում է։ Սքանչելի իտալական լեզուն, որ այնքան գեղեցիկ է հնչում թատերական բեմից, միանգամայն աղավաղվում է փողոցներում, մանավանդ երբ իտալացին վիճաբանում է։
Նապոլիի փողոցները, բացի մի քանիսից, չափազանց նեղ են, այնպես որ տեղ֊տեղ, ձեռներդ տարածելով աջ ու ձախ, դու կարող ես շոշափել թե՛ մեկ, թե՛ մյուս պատը։ Մի