Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/29

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

որ նա մի վիշտ ունի: Բանը պարզվեց ճաշի վերջում։ Մածունի վերջին գդալը դատարկելուց հետո տեր հայրը իր երկար ընչացքը սրբեց և, դառնալով Գեղամ վարդապետին, ասաց..

— Հայր սուրբ, քեզ ունիմ միջնորդ։ Հայտնվեց, որ տեր հոր ամուսինը հիվանդ պառկած է և խնդրում է, որ «բժիշկը» գնա նրան տեսնելու։ Բժիշկն ուսանող Զաքարյանն էր, որին դեռ Հաղբատ չհասած մենք շտապել էինք դոկտորության աստիճան տալ՝ ժամանակից ութ ամիս առաջ։ Թախանձել հարկավոր չէր. բարեսիրտ երիտասարդը շատ լավ գիտեր իր արհեստի բարոյական պարտքը։ Նա շտապեց կատարել տեր հոր խնդիրը։

Իսկ մենք, մինչև նրա վերադառնալը, պատրաստվեցինք, որ ուղևորվենք Սանահին, շնորհակալություն հայտնելով հայր Գեղամին։

6

Սանահին ուղևորվելուց կես ժամ առաջ՝ հանկարծ Բաշինջաղյանը չքացավ։ Դես Գևորգ, դեն Գևորգ, վանքի մեջ, դավթում չգտանք։

— Ո՞վ գիտե, էլի սուփրան բաց արած, նստած է մի ծառի տակ,— հեգնաբար ասաց մեր ընկերներից մեկը, իշխան Սարդիս Արղությանը։

Երիտասարդ սպան մեր ամենից ավելի շտապում էր ժամ առաջ Սանահին հասնել ոչ իր ժառանգական կալվածները տեսնելու, այլ մի ուրիշ նպատակով, որի մասին հետո կխոսեմ։ Ուստի ամեն մի հապաղում նրան ձանձրալի էր թվում։ «Սուփրա» ասելով նա ընկերաբար հեգնում էր Բաշինջաղյանի նկարչական ալբոմը, որի մեջ երիտասարդ նկարիչը ճանապարհին ժողովում էր բնությունից զանազան էսքիզներ։

Արդարև, նկարիչին մենք գտանք «սուփրան» բաց արած, բայց ոչ բնության ծոցում, այլ գյուղի ստորոտում, ձորի մեջ, մի հին մատուռի ավերակների վրա նստած։ Նա, վրձինը ձեռին, գլուխը կրծքին թեքած, խորասուզված նկարում էր