նոր սպանված զինվորի ծնոտը և փակցնում գնդապետի դեմքին։ Այժմ այդ գնդապետը ողջ և առողջ է, և դժվար է նկատել, որ ծնոտը ուրիշի է։ Անգլիական կառավարությունը հրավիրում է հայ ատամնաբույժին Լոնդոն.
Սակայն, այս բոլորից ավելի ինձ ուրախացրեց մի ուրիշ բան։ Մի օր Լեկսինկտըն ավընյուում, երբ նստած էր համեստ գորգավաճառ Գանձյանի խանութում, լուսամուտից դեմառդեմ մայթի վրա տեսա խռնված մի բազմություն։
— Այդ ի՞նչ է,— հարցրի ես։
— Այդ շինության մեջ կա բարեգործական ընկերություն մը. վաղը ջրորհնենք է. տոնի առիթով այսօր ընկերությունը աղքատ ընտանիքներում ուտելիք և հագնելիք կբաժնե։
Նայեցի. մարդիկ դուրս էին գալիս այդ տնից ծանրապես բեռնավորված զանազան իրերով՝ սկսած ուտելիքից մինչև խաղալիքներ երեխաների համար։
— Վարպետ, դուք այդտեղ կտեսնեք ամեն ազգի շքավորներ, բացի բուն ամերիկացիներից և հայերից։ Հայը Ամերիկայում երբեք չի մուրար, որքան ևս անոթի լինի նա։
Հետո ես ստուգեցի պ․ Գանձյանի ասածը և գտա միանգամայն իրավացի։ Այո, հայը չի մուրում Ամերիկայում․ նախ, նա մուրացկանությունը համարում է ամոթալի, երկրորդ, վտանգավոր իր վարկի համար։ Սակայն ո՞վ է այդ հայը։ Հայաստանի խորքերից՝ Խարբերդից, Մալաթիայից, Սվազից, Մուշից, Վանից և այլ խուլ անկյուններից կիսամերկ և գրեթե ոտաբոբիկ եկած գյուղացի։ Իր հայրենիքից նա իր հետ ոչինչ չէ բերել՝ բացի իր կոշտ ձեռներից, հզոր կամքից և անհատական ու ազգային ինքնասիրությունից։ Բայց արդեն այսքանը բավական է նրան, Ամերիկայի միլիարդները նրան չեն շփոթեցնում, էլեկտրական առատ լույսը նրան չի կուրացնում․ առողջ դատողությունն է նրա ղեկավարը և Համառ աշխատասիրությունը։ Ահա նա, ցերեկը՝ խոհանոցներում պնակներ է լվանում կամ փողոցներ է մաքրում, երեկոները լեզու և արհեստ սովորում։ Երբեմն նա գիշերում է փողոցներում եթե եղանակը թույլ է տալիս։ Նա չի ամաչում իր ցնցոտիներից։ Նա համարձակ նայում է հարուստների երեսին, նա մտածում է՝ եթե աշխատանքն է այս երկրի թագուհին,