Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/304

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ծալապատիկ նստում են իրանց հետ բերած ուտելիքները վայելելու։

Ուտե-խմելու մեջ ամերիկահայը չափավոր է։ Ինձ ասացին, որ ըմպելիքների արգիլումից առաջ իսկ հայերը խուսափում էին հարբեցողությունից, սակավաթիվ բացառությամբ։ Ամերիկահայը խնայող է վերին աստիճանի. նա ամեն կերպով աշխատում է իր վաստակածի մի մասը հետաձգել։ Շատերն են նրանցից թողել իրանց մերձավորներին հայրենիքում կարոտության մեջ. պետք է նրանց օգնել, և օգնում է ամերիկահայը ամենայն բարեխղճությամբ, ոչ միայն իր ծնողներին կամ քրոջն ու եղբորը, այլև հեռավոր ազգականներին։ Եվ այսպիսով նա, այս վերին աստիճանի գործնական աշխարհում, այս հեռավոր երկնքի տակ, սրբությամբ պահպանում է հայի լավագույն ավանդությունը։ Նա գիտակցում է իր ազգային պարտականությունը։ Աչքովս եմ տեսել, թե ինչպես գործավոր հայը, իր կոշտացած ձեռքով, բաց է անում որոշյալ օրը իր քսակը և կուսակցական սեղանի վրա դնում իր ամսականը. նա տալիս է առանց հաշիվ պահանջելու, նա գիտե, որ կան հսկողներ և շատ էլ դյուրին չէ ազգային կամ հասարակական գումարները անպատիժ ուտել։ Կուսակցություններն են, որ իրարու հսկում են երբեմն չափից ավելի եռանդով, և վայ այն հային, որ գործել է զեղծում դրամի վերաբերմամբ։ Նա կարող է տակավին ապրիլ, մնալ յուր նախկին շրջանում, վայելել իր առաջվան ծանոթությունները, բայց արդեն արատավորված է, և այդ արատը մնում է նրա վրա մինչև մահ, նույնիսկ իր կուսակիցների աչքում։

Չեմ կարծում, որ որևէ մի ուրիշ հայ գաղութի բարոյական միջավայրը այնքան բարերար լինի, որքան ամերիկահայինը։ Խոսքս ամերիկացիների մասին է. հայը շատ բաներ ունի սովորելու ամերիկացուց. համենայն դեպս, նրա բարոյական պատկերը այստեղ ավելի ապահով վիճակի մեջ է, բարոյական խրատիչ օրինակներ է տեսնում նա այստեղ, որոնք չեն կարող ազդել նրա հոգու ու մտքի վրա։ Նախ և առաջ ամերիկացին իր էությամբ շիտակ է, անհամեմատ ավելի, քան, դիցուք, եվրոպացին։ Մարդու մեջ նա, նախ և առաջ, ազնիվն ու բարին է տեսնում և այդպես էլ վերաբերվում է նրան. նա չի խաբում, չի շահագործում օտարին, ինչպես այդ