Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/305

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

տեսնում ենք Եվրոպայում, ամեն մի քայլում, ես այս ասում եմ իմ անձնական փորձերից։

Մի օր, մի անուշեղենի խանութում, գնելով երկու դոլլարի անուշեղեն, մոռացել էի ստանալու մնացորդը 10 դոլլարից։ Մի շաբաթ հետո, երբ ես նույն խանութում սուրճ էի խմում, սպասուհին իմ սեղանի վրա դրեց 8 դոլլար, ասելով. «Անցյալ անգամ, շտապով հեռանալով, մոռացաք այս»։

Այս օրինակը միակը չէ։ Մի բնորոշ երևույթ։ Ամերիկայում, գրեթե ամենուրեք, դրամի փոխարեն չեքեր են տպում, և ոչ մի տեղ ձեր չեքը չեն մերժում։ Բանկերում, երբ չեքով դրամ եք ստանում, կանխավ չեն ստուգում, թե չեք ստորագրողը ունի՞ պահեստ բանկում, թե ոչ. ուղղակի վճարում են, խնայելով մարդու ժամանակը։ Սակայն վայ այն մարդուն, որ կներկայացնի փուչ չեք. նա առ միշտ կկորցնի յուր վարկը։

Հարկավ այս գեղեցիկ օրինակները տեսնելով, ամերիկահայը ազդվում է գիտակցաբար թե անգիտակցաբար։ Ինչո՞ւ ամերիկահայը ավելի բարի և առատաձեռն է, քան մեր մյուս գաղութները։ Որովհետև, այստեղ ևս, մեծ ազդեցություն ունի նրա վրա միջավայրը։ Մի օրինակ ամերիկացու բարեսրտության։ Մի օր Լեկսինկտն Ավընյուի վրա տեսա ռուսների մի ահագին բազմություն։

— Ի՞նչ է պատահել,— հարցրի ես։

— Ճապոնիայից գալիս են 300 գաղթական որբեր։

Փոքր անցած երևացին մի շարք օթոբյուսներ, լեցուն երկու սեռի պատանիներով։ Խոսակցիս մոտեցավ մի ամերիկացի ծերունի, ինչ-որ մի բան հարցրեց և հետո, գրպանից դուրս բերելով 50 դոլլար, տվեց նրան ու հեռացավ։

— Տեսեք այդ մարդը, յուր անունն էլ չասաց, ինձ տալով այս 50 դոլլարը, հօգուտ որբերին։

Տարիներով պտտեցեք Եվրոպան, այդ տեսակ օրինակներ չեք տեսնի։ Ամերիկահայը ամեն օր տեսնում է այդպիսի օրինակներ և ազդվում նրանցից․․․

Մարդու արդարադատությունը հաճախ անցնում է օրենքից դեն։ Դատավորները Ամերիկայում ունին մեծ արտոնություններ. շատ քիչ է պատահում, որ նրանց որոշումները