բեկանվին վճռաբեկ ատյանի կողմից։ Այս որոշումների մեջ է երևում երբեմն ամերիկացու լայն մտայնությունը։ Այսպես, օրինակ, ինձ պատմեցին հետևյալը։
Մի վաճառական դիմում է դատավորին, գանգատվելով իր գործակատարի դեմ և մեղադրելով նրան գողության մեջ։ Գործակատարը գողացել է իր տիրոջ ոսկե ժամացույցը։
— Որքա՞ն շաբաթական էիք վճարում ձեր գործակատարին,— հարցնում է դատավորը վաճառականին։
— Շաբաթական 25 դոլլար։
— Ամուսնացա՞ծ եք,— հարցնում է դատավորը գործակատարին։
— Այո։
— Զավակներ ունի՞ք։
— Երեք։
— Կարողանո՞ւմ էիք կուշտ ապրել ձեր ամսականով։
— Ոչ։
— Ի՞նչ եք կարծում, 5 հոգի ամսական 100 դոլլարով կարո՞ղ են ապրել,— դառնում է դատավորը վաճառականին։
— Դժվար է։
— Մինչև գողությունը գո՞հ էիք ձեր գործակատարից։
— Այո։
— Նա ծառայում էր բարեխղճությա՞մբ։
— Այո։
— Գողության գլխավոր պատճառը դուք եք. ուստի ես ձեզ ենթարկում եմ 500 դոլլար տուգանքի։
Վաճառականը ցնցվում է և ոչինչ չի կարողանում ասել։
— Իսկ դուք,— դառնում է դատավորը գործակատարին,— այնուամենայնիվ, չպիտի գողանայիք։ Օրենքը ձեզ դատապարտում է երկու ամսվա բանտարկության։
Մամուլը միաբերան գովաբանում է դատավորի խելացի որոշումը։