իր երեքամյա զավակին, որ մի զարմանալի հանգիստ և խելացի մանչ է։
— Տեսնենք,— արտասանում եմ ես, զգալով, որ տիկինը չի տեսել այն սոսկալի հրեշը, որ կոչվում է երկրաշարժ։
Գիշերվա ժամի երկուսն էր, երբ հասանք վերջին կայարանը։ Պլատֆորմի վրա խոնվել է ահագին բազմություն, որ անմիջապես հարձակվում է գնացքի վրա, իրարու հրելով, անիծելով ու հայհոյելով։ Կանայք ավելի եռանդուն ու ճարպիկ են, քան տղամարդիկ։ Խուճապն ուրեմն շարունակվում է, չնայելով, որ հիսունումեկ ժամ է անցել աղետի վայրկյանից։ Փախստականներ են, որ շտապում են ազատվել այն բացառիկ մղձավանջից, որ հատուկ է միայն երկրաշարժին։
Շարքերը մի կերպ ճեղքելով; մտնում եմ առաջին կարգի դահլիճը։ Քարե հատակի վրա սփռված են մարդկային կույտեր, գրեթե իրար վրա։ Դրանք այն փախստականներն են, որ սպասում են առավոտյան գնացքին՝ Թիֆլիսից դեպի Երևան։ Ով ինչ կարողացել է վերցնել իր հետ, վերցրել է։ Ցնցոտիների կապոցները խառնվել են քիչ թե շատ ունևորների ճամփարկղերի հետ և կազմում են մի միապաղաղ զանգված, որտեղ չկա ո՛չ դասակարգային խտրություն և ո՛չ դիրքերի զանազանություն։ Բնության զարհուրելի հարվածը մարդկանց ձգել է միևնույն փոսի մեջ, ուր ձուլվում ու միանում են տարբեր հոգեբանություններն ու մտայնությունները։ Յուրաքանչյուրը հավասար չափով է զգում իր ապիկարությունը կոսմոսի անհունության ու խորհրդավորության առջև։ Ոմանք զարթնել են գնացքի դղրդոցից ու սուլոցներից և տրորում են իրենց քնահարբ աչքերը։ Բայց կան շատերը, որոնք եկել են ուղղակի գիշերելու կայարանի կանգուն շինության մեջ, չունենալով ուրիշ ապահով օթևան։ Սոսկումը երկրաշարժից տակավին չի ջնջվել նրանց դեմքերից։ Ամեն մի թեթև աղմուկ կամ դղրդոց ցնցում է պատճառում թշվառներին։
Շուրջս դիտելու համար նստում եմ մի սեղանի մոտ։ Մի խումբ զինվորականներ, առանձին սեղանի շուրջը նստած, թեյ են խմում։ Մոտս նստած մի երիտասարդ ինձ ասում է, որ այդ մարդիկ մասնակցել են դիակներն ու վիրավորներին