Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/354

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կրեդիտորներին հացկերույթի, առաջարկում է նրանց 2 կոպեկ մի ռուբլու փոխարեն և խոստանամ՝ է մի տարուց հետո ևս 25 կոպեկ։ Կրեդիտորների առաջին անգամ այդ տարօրինակ առաջարկությունը անհավատալի է թվում, բայց երբ ճշմարտախոս Պ.-ն հավատացնում է նրանց, թե ինքը ճշմարիտն է ասում, այն ժամանակ նրանք, իհարկե, չեն համաձայնվում, չհավատալով նրա խոսքերին, թե իբրև ապրանքը բաց թողնելով Բաքվի մեջ զանազան անգրագետ, պարսիկ վաճառականների, սրանցից ոչ մի ապահովաթուղթ չէ ստացել և այժմ նրանք բոլորովին հրաժարվում են Պ-յանին իրանը պարտքերը վճարելուց։ Պ-յանը շատ է աշխատում համոզել կրեդիտորներին առաջարկած գումարով բավականանալ, բայց երբ բոլոր ջանքերը ապարդյուն են մնում և նրան չի հաջողվում մոլորեցնել պարտատերերին, այն ժամանակ նա գալիս է Բաքու, և այստեղ բոլոր ապրանքները և ուրիշ կայքերը հաստատելով իր աներոջ՝ Վ-յանի վրա, ինքը աշխատում է արտասահմանյան անցաթուղթ ձեռք բերել և փախչել արտասահման, բայց այդ քայլը ևս չի հաջողվում նրան, որովհետև այս քանի օրերս հասնելով Բաքու, հայտնի ֆաբրիկանտների՝ Մորոզովի և Յակունչիկովի, հավատարմատար Զակոլինսկին արգելք է դնում Պ-ի ճանապարհորդության, քանի որ նա միայն Մորոզովին պարտ է, ինչպես ասում են, մոտ 30 հազար ռուբլի։

Իսկ ինչ վերաբերում է Վ-ին, որի անունով Պ-յանը հաստատել է իր բոլոր կայքը, նա ևս անգործ չէ և ինչպես հավատացնում են, ամենայն օր մեծ գումարների վեքսելներ է ներկայացնում դատարանին, որոնցով նա իր փեսայից պահանջում է իբրև թե իրան հասանելի գումարը։

Այդ վեքսելները իհարկե սուտ են, և Վ-յանը այդ անում է լոկ այն մտքով, որ իր փեսայի պարտատերերին հուսահատեցնե, բայց վերջինները հաստատապես վճռել են գործը դատաստանի միջոցով առաջ տանել և այժմ պահանջում են օրինավոր հաշվապահական գրքեր, որ նա օրենքի համաձայն պարտավոր էր ունենալ, քանի որ առաջին կարգի վաճառական է։ Ասում են, որ կապած ապրանքներից մոտ 40 հազար ռուբլի ուղարկվել է Լենքորան։