Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/355

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Այդպես ուրեմն, ինչպես երևում է, գործը շատ հետաքրքրելի պիտի դառնա, և ես հետևանքի համար կհաղորդեմ իր ժամանակին «Մշակ»-ի ընթերցողներին։ Հարկավոր չէ մոռանալ, որ Վ-յանը մի հայտնի աստիճանի բարոյական դիրք է բռնում հասարակության մեջ։ Այդպիսի դեպքերի վրա, իմ կարծիքով, հայ հասարակությունը չպիտի թեթև աչքով նայի, կարծելով, թե նրանք վերաբերվում են մասնավոր կյանքին և չունեն ոչ մի հասարակական նմանակություն։ Եթե այսօր հայ հասարակությունը քիչ թե շատ ծանոթ է օտար ազգերին, սրանով մենք մեծ մասամբ պարտական ենք մեր վաճառականներին, որոնք միայն անմիջական հարաբերություններ ունեն օտարների հետ և որոնք մի հայտնի աստիճանի ներկայացուցիչներ են համարվում մեր հասարակության կողմից։ Սակայն ինչ գաղափար կարող է կազմել օտարազգին հայ ժողովրդի մասին, հանդիպելով այնպիսի անձանց, որոնք, կուրացած լինելով նեղ և կեղտոտ շահասիրության զգացմունքով, չեն ճանաչում ոչ թե միայն ազգային, այլ նաև անձնական ինքնասիրության գաղափարը։ Հայ հասարակությունը առհասարակ և մասնավորապես հայ վաճառականները եթե համամիտ չեն այդպիսիների հետ, պետք է միշտ թշնամական աչքով նայեն նրանց վրա, թույլ չտան նրանց մտնել ոչ մի հասարակական շրջան, անվայել համարեն մինչև անգամ նրանց երեսին նայելը, որպեսզի օտարները չկարծեն, թե ամբողջ հայ հասարակությունը կազմված է վերև հիշվածների նմաններից։ Բաքվի հասարակությունը կարծես թե հասկացել է այդ, և Պ-յանը այժմ ոչ մի տեղ ընդունված չէ։ Բայց երկա՞ր կտևի արդյոք այս արհամարհանքը. մի քանի տարուց հետո հասարակությունը չի՞ ընդունի արդյոք դարձյալ նույն մարդուն, մոռանալով նրա անցյալը։

1831 թ.

ԲԱՔՎԻ ՆԱՎԹԱՅԻՆ ՀԱՐՑԸ ԵՎ ՀԱՅԵՐԸ

Բաքվի նավթային գործարանատերերի և հանքատերերի վիճակը շատ կարճ ժամանակում մեծ փոփոխությունների կենթարկվի։ Այդ շահավետ արդյունաբերությունով պարապողների