Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/356

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

թիվը, որի մեծամասնությունը կազմում են հայերը, օրեցօր նվազելու վրա է հօգուտ մի քանի գլխավոր ձեռնարկողների (предприниматели), որոնցից ամենաառաջինն է հայտնի գործարանատեր շվեդացի Նոբելը։ Ոչ թե միայն մանր, այլ նաև շատ նշանավոր գործարանատերեր սարսափով են նայում այդ վերջինի զանազան ձեռնարկությունների վրա, նախազգալով իրանց անկարողությունը ապագայում մրցել մի այնպիսի համարձակ ձեռնարկողի հետ, որը ձգտում է, կարծես թե, կատարելապես իր ձեռքը առնել Բաքվի ամբողջ նավթային արդյունաբերության հարցը։ Մի կողմ թողնելով այս անգամ ընդհանրությունը, ես ներկա հոդվածովս կաշխատեմ մի քանի նկատողություններ անել միայն հայ գործարանատերերի և հանքատերերի մասին։

Սրանից դեռ երկու տարի առաջ «Մշակ»-ը, իր առաջնորդող հոդվածներից մեկը նվիրելով Բաքվի նավթային արդյունաբերության հարցին, այն կարծիքն էր հայտնել, թե Բաքվի հայերը, որոնց ձեռքումն է գտնվում այդ արդյունաբերության գլխավոր ճյուղը, եթե չաշխատեն լայնացնել իրանց գործունեության ասպարեզը, հիմնելով զանազան ընկերություններ զորեղ կապիտալներով և միևնույն ժամանակ արդյունաբերության հին նահապետական ձևերը փոխարինելով նոր, գիտության պահանջներին համապատասխան ձևերի, բնության այդ հարստությունները բազմակողմանի կերպով հարստահարելու նպատակով,— այնուհետև էլ նրանց համար դժվար կամ միանգամայն անհնարին կլինի մրցել եվրոպացի արդյունաբերողների հետ, որոնց թիվը օրըստօրե աճում է Բաքվի մեջ և որոնք վաղ թե ուշ, օգտվելով տեղացիների տգիտությունից՝ կխլեն նրանց ձեռից մի այնպիսի շահավետ արդյունաբերություն, որպիսին է անշուշտ նավթայինը։ Մոտավորապես միևնույն միտքը հաստատել էի և ես անցյալ տարվա «Մշակ»-ի № 76 մեջ տպված նամակիս մեջ, առաջ բերելով մի քանի շոշափելի փաստեր։ Առաջին դեպք կարելի էր կարծել, որ մամուլի այդ կարևոր նախազգուշությունը բարի գրգիռ կզարթեցնի հայ գործարանատերերի և հանքատերերի մեջ և կդրդե նրանց առավել խոհեմությամբ վարել իրանց գործերը, բայց դժբախտաբար հակառակը պատահեց։ Հայ