Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/360

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

թե մինչև օրս նա ինչ է առաջացրել, այսինքն որքան հառաջադիմություն է արել նավթային արդյունաբերության մեջ։ Հավասարեցրեք նրան Նոբելի հետ, որը առնվազն քսան տարի նրանից հետո է սկսել պարապել նավթային գործերով, և դուք մի սարսափելի զանազանություն կգտնեք։

Տեսեք վերջինը ի՞նչ հսկայական քայլեր է արել այդ, համեմատաբար, շատ կարճ ժամանակամիջոցում։

Դեռ 1876 թվականին նա, հանքերից մինչև գործարանները (13 վերստ հեռավորութուն է) նավթ կրող սայլապանների հարստահարության առաջ կապելու համար, շինել է տվել առաջին նավթախողովակը (нефтепровод), որի միջոցով նա համեմատաբար չնչին ծախսով մինչև օրս հասցնում է նավթը թե՛ իր և թե՛ ուրիշների գործարանները։ Վերջիններից նա առնում է ամենայն մի փութից Բալախանիից մինչև գործարանները բերելու համար երկուսից մինչև երեքուկես կոպեկ, նայելով հանգամանքներին։ Բայց վերջերում Նոբելը տեսնելով, որ մեկ նավթախողովակ բավականություն չէ անում, ավելացրեց երկրորդը, իսկ այժմ այդ երկուսի փոխարեն դրել է, մի ընդարձակը, որը օրական 75—80000 փութ նավթ է տեղափոխում գործարանները։ Հարմարեցնելով սև նավթի ճանապարհը, Նոբելը հետզհետե սկսեց աշխատել պատրաստի ֆոտոգենը Ռուսաստան տեղափոխելու համար նպատակահարմար միջոցներ գտնել։ Այդ ևս հաջողվեց նրան։ Այժմ Նոբելը ունի մեծ քանակությամբ հեղալից շոգենավեր (наливные пароходы), որոնցով նա ֆոտոգենը տանում է մինչև Վոլգա գետը առանց տակառների, որոնք շատ թանկ են նստում ուրիշ ճանապարհողներին։ Երբ ծովային հեղալից շոգենավերը հասնում են այդպես անվանված ինը կանգունը (9֊ти фут), ուր ծովը գետից բաժանվում է, ֆոտոգենը ծովային շոգենավից դատարկվում է նույնպես հեղալից գետնային շոգենավերը, որոնք այստեղից ուղղակի հասցնում են ֆոտոգենը գետեզրյա զանազան քաղաքներ, մեծ մասամբ Ցարիցին։ Վերջինում Նոբելը շինել տված ունի ահագին երկաթյա ռեզերվուարներ, որոնք լցվում են ֆոտոգենով նավերից շոգեշարժ՝ նասոսներով։ Այգ ռեզերվուարներից ֆոտոգենը զանազան կողմեր ցրելու համար Նոբելը