Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/361

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պատրաստի ունի թվով մի քանի հարյուր նույնպես նայիվնոյ վագոններ երկաթուղիների վրա, որոնք շինված են մասնավորապես ֆոտոգենի համար։ Նայիվնոյ վագոնները ֆոտոգենը հասցնում են Ռուսաստանի զանազան կենտրոնական քաղաքներ, ինչպես՝ Տամբով, Կիև, Օդեսա, որտեղ պատրաստ կան վերոհիշյալ ռեզերվուարներից։ Այստեղից արդեն ֆոտոգենը ցրվում է Ռուսաստանի խոր անկյուններով մինչև Պետերբուրգ և Ավստրիայի Ռիգա քաղաքը։ Ասում են, թե Նորելը միայն Ռուսաստանով չէ բավականանում և կամենում է Գերմանիա և արտասահմանի ուրիշ կողմերը ևս ճանապարհել ֆոտոգենը, մինչդեռ մնացյալ գործատերերը ֆոտոգենը կարողանում են հասցնել Ռուսաստանի միայն մի քանի մոտ քաղաքներ, այն է՝ Աստրախան, Ցարիցին, Ղուզան, Սարատով, Կիև, Սիմբիրսկ, Նիժնի-Նովգորոդ մինչև Մոսկվա և ոչ հեռու այն ևս, իհարկե, տակառներով։ Միայն Նիժնի֊Նովգորոդում չունի Նորելը ռեզերվուարներ, երբ այստեղ ևս կունենա, որ ինչպես հավատացնում են, այժմյանից մտադիր է, այնուհետև էլ տակառներով տանողներին կտա վերջնական հարված։

Մոտավորապես չորս թե հինգ տարի է, ահա, որ Նորելը ֆոտոգենը տակառներում ուղարկելուն վերջ է տվել։ Ֆոտոգենը տակառներում տանելը բազմակողմանի անհարմարություններ ունի։

Առաջին, որ նա համեմատաբար շատ թանկ է նստում, քան թե Նոբելի սիստեմայով տանելը, այն է՝ հեղալից նավերով, հետևյալ պատճառներով. 1. ճանապարհողը, բացի միայն իստակ ֆոտոգենի քաշի (нетто,) համար ճանապարհածախս (флахь) վճարելու, վճարում է տակառների քաշի (тара) համար, 2. որ իրանք տակառները մեծ գումարով են գնվում։ Մի տակառը, որ տեղավորում է իր մեջ 19 — 20 փութ և ավելի, եթե վեր առնենք այժմյան գինը, արժե տասներկու ռուբլ, ուրեմն, եթե քսան փութ ֆոտոգենի վրա ընկնում է 12 ռ. ավելորդ ծախս, կնշանակե ամենայն մեկ փութի վրա ընկնում է 60 կոպեկ։ Հաշվենք և տակառի համար վճարվող ֆրախտը դիցուք մինչև Ցարիցին, որ մի փութի համար 24 կոպեկ է վճարվում։ Եթե ամենայն մի տակառի քաշը միջին թվով հաշվենք 3 փ. 20 ֆ., որից երբեք պակաս չէ լինում, և