Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/364

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ծանոթացնել «Մշակ»-ի ընթերցողներին նրա վիթխարի ձեռնարկությունների հետ, երբ բավականաչափ և բազմակողմանի նյութեր հավաքած կլինենք, որի մասին և հետևում ենք։ Իսկ առայժմ մեր հոդվածի բուն նպատակը այդ չէ. մեր դիտավորությունն էր միայն ուշադրություն դարձնել ընդհանրապես բոլոր մանր և երկրորդական գործարանատերերին և մասնավորապես հայերին սպառնացող հանգամանքների վրա, նույնպես հաստատել այդ վերջինների ինքնահավանությունը և փարատել նրանց այն սխալ կարծիքը, որ նրանք երկու տարի առաջ արտադրում էին «Մշակ»-ին ընդդեմ, թե հայերը երբեք տնտեսականության մեջ չեն կլանվել օտարազգիներից։ Ցանկալի էր իմանալ, թե այդ կարծիքը հայտնող պարոնները այժմ ի՜նչ են մտածում. արդյո՞ք նրանք հիմա էլ համոզված են, որ եվրոպացի արդյունաբերողները չեն կարող խլել նրանց ձեռից նավթային արդյունաբերությունը։ Կասկած չկա, որ նրանք այժմ փոխած կլինեն իրանց կարծիքը, նախագուշակելով իրանց մոտ ապագայի պատկերը տխուր գույներով նկարագրված, ինչպես այդ կարելի է եզրակացնել նրանց խուլ տրտունջներից դեպի Նոբելը։

Վերև մենք խոսեցինք միայն Նոբելի մասին, բայց պետք է չմոռանալ, որ բացի նրանից, կան նույնպես երկու մեծ ֆիրմաներ, որոնք ինչպես առաջինը, նույնպես աշխատում են կլանել մանր և երկրորդական գործարանատերերին։ Այդ երկու ֆիրմաներն են՝ Պալաշկովսկինը և Բաքվի նավթային ընկերությունը (Бакинское Нвфтяное общество)։ Նրանք թեպետ այժմ այնքան հառաջադիմություններ չեն արել, ինչպես առաջինը, բայց կասկած չկա, որ նրանք ևս ժամանակով կհասնեն նրան, նայելով նրանց ձգտումներին, և վերջ ի վերջո ամբողջ արտադրությունը ֆոտոգենի կընկնի այդ երեք խոշոր ֆիրմաների ձեռքը։ Եթե այս տարի մանր և երկրորդական արտադրողները կարողացել են Ռուսաստանում ծախել իրանց ֆոտոգենը, այդ այն պատճարով է եղել, որ միակ Նոբելը, որ արտադրել էր ընդամենը 3 միլիոն փութ— չէ կարողացել բավականություն տալ բոլոր պահանջին, որ հասնում է մինչև 10 միլիոնի։ Բայց ինչպես հավատացնում են, Նոբելը մտադիր է եկող տարվանից օրական 50000 փութ պատրաստել