ոսկորները ուժեղ ճնշողությունից դուրս են ցցվում, աչքերը արյան հոսումից սաստիկ կարմրում են, ծունկերը, չդիմանալով վերուժ ծանրության, ակամա ծալվում են, բայց նա մի ստոյիկյան համբերողությունով տանում է այդ բոլորը, ըստ որում նրա անհաշտ թշնամի քաղցածությունը ստիպում է տանել, նա պիտի ինչպես և իցե այսօր մի քանի կոպեկներ ձեռք բերի իր և իրան ընտանիքի թշվառ գոյությունը առաջ մղելու համար։
Նայիր խորը ուշադրությունով այդ բոլորի վրա, սիրելի ընթերցող, և դու կզգաս մի գերբնական սարսափ, եթե ունես փոքրիշատե զգայուն սիրտ և թափանցող հայացք։
Մշակը հալածվում է ո՛չ միայն ճակատագրի անողոքությունից, այլև իր արյունակիցների, իր եղբայրակիցների գազանային անխղճությունից։ Տուր ինձ ձեռդ, սիրելի ընթերցող, հետևիր ինձ և տես, թե այդ ինչպես է կատարվում, թե մինչև որ աստիճան մշակի մարդկային, նույնիսկ բնական իրավունքները ոտնակոխ են լինում զանազան շահախնդիրների ձեռում։ Միայն մի պահանջիր ինձանից հմուտ ուղեցույցի խորը տեղեկությունները, ըստ որում կանխապես խոստովանում եմ, որ այդ իմ ումից բարձր է, ես միայն մատնացույց կանեմ քեզ այն անկյունների վրա, ուր կատարվում են աղետալի անցքեր մշակի կյանքում, անցքեր, որոնց մասին գուցե դու կյանքումդ լսած չլինես։ Ես քեզ չեմ տանի վերև ասած փողոցային բեռնակրի կամ շինության մշակի մոտ, որոնց դու ամենայն օր աչքի առաջ ունես և այնքան տեսել ես, որ քո աչքերը բթացել են, այլ կտանեմ քեզ մի ուրիշ տեղ, ուր մշակի դրությունը առավել տխուր, առավել սարսափելի է։ Այս տեղերը Բաքվի հռչակված նավթային հանքահորերը և այդպես անվանված Սև քաղաքի գործարաններն են։
***
Վերջին երկու տասնյակ տարիները Բաքվի նավթային արդյունաբերության արագ զարգացումը քաշեց բերավ այդ քաղաքը Անդրկովկասի զանազան անկյուններից Ասի, Տաթևու, Ղարաբաղի, Շամախու և ուրիշ շատ գավառներից,