Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/370

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ռուսաստանի և Պարսկաստանի խորքերից, բազմատեսակ բախտախնդիրների շարքում և հասարակ բանվորներին, որոնք, օրական ապրուստը հայթաթելու նպատակով թողնելով իրանց հայրենի հողը, սիրելի ընտանիքը և զավակները, եկած այժմ կենտրոնացած են այստեղի Բալախանի—Սաբունչյան նավթային հանքահողերում և Սև քաղաքում։

Սև քաղաք անվանվում է այստեղ նավթային գործարանների խումբը, որ տարածված լինելով մոտավորապես 6 քառակուսի վերստաչափ տարածության վրա, հեռվից մարդու աչքին ներկայացնում է մառախուղով պատած մի փոքրիկ քաղաք, որը սև մականունը կրում է այն պատճառով, որ այստեղ ամենայն բան սև է՝ սկսած անշունչ առարկաներից մինչև տնային կենդանիները *և մարդը։ Բավական է այստեղ այդ բազմաթիվ գործարաններից դուրս եկող նավթային մնացորդի թանձր ծխով վարակված օդի մեջ երկու ժամ մնալ, և մարդ միանգամայն կկերպարանափոխվի՝ ոտից մինչև գլուխ ծածկվելով սև մուրով։ Անսովոր մարդը չէ կարողանում այս մառախուղում երկար մնալ, ուր իստակ օդի բացակայությունը խանգարում է նրա կանոնավոր շնչառությանը։ Չնայելով, որ գործարանները միմյանցից բավական տարածությունով հեռուն են, նրանցից դուրս եկող ծխերը խառնվելով միասին կազմում են մի այնպիսի թանձրություն, որի միջից հազիվհազ կարողանում են թափանցել արեգակի ճառագայթները։

Ահա այդ մառախլապատ երկնքի տակ է անցկացնում իր տարիները Բաքու գաղթող մշակների մեծամասնությունը խմբերով, տեղավորված այս ու այն գործարանում, և հենց այստեղ պիտի ծանոթանաս, սիրելի ընթերցող, նրա վիճակի հետ, որ իմանաս, թե որքան դառն և անտանելի է նա։ Հեռու չգնանք, մտնենք հենց առաջին պատահող գործարանը և տեսնենք, թե ի՞նչ է անում այստեղ, ինչպե՞ս է առաջ տանում նա իր թշվառ գոյությունը։ Առաջին անգամ հարկավոր է գեթ մոտավորապես ծանոթանալ նրա բնակարանի հետ։ Անկարելի է այստեղ նկարագրել այդ բնակարանի տեսքը, չունենալով Րաֆֆիի գեղարվեստական վրձինը։ Երևակայիր քեզ, սիրելի ընթերցող, երկու սաժեն լայնությունով, չորս