Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/384

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

աղաչի ու արտասուք թափի մշակը, ո՞վ է լսելու նրան։ Շատ կերկարացնի՝ շլինքին մի քանի էլ կտան ու ցեխի մեջ կգլորեն. ճարահատյալ առնում է նա գործարանատերից վերջին մի քանի սև կոպեկները ու, աչքերը արտասուքով, հեռանում դեպի իր հայրենիքը։

Ահա ինչպես է նյութապես հարստահարվում ողորմելի մշակը անխիղճ, քարասիրտ թուրք և շատ հայ գործարանատերերի ձեռքում, բայց գանք, թե ֆիզիկապես ինչպես է հարստահարվում նա։

Մշակի ֆիզիկապես հարստահարվելու մասին կարծես թե ավելորդ է այլևս խոսել վերև բերած մի քանի տեղեկություններից հետո՝ օրվա մեջ 18—19—21 ժամ գործելու վերաբերմամբ։ Բայց ո՛չ, այդ դեռ փոքր է մշակի համար, նա գուցե իրան բախտավոր համարեր, եթե թողնեին օրվա այդ երկար միջոցը հանգիստ գործել։ Մշակի թշվառ անձը, բացի այդ, դեռևս շատ և շատ հարվածներ է ստանում իր տիրոջից, հարվածներ, որոնց մտաբերելու ժամանակ մարդ կամա֊ակամա զայրանում է տեսնելով, թե տասնևիններորդ լուսավորյալ ասված դարի վերջին կեսում դեռ մեռած, անհետացած չեն միջնադարյան ամենախիստ եզվիտական ինկվիզիցիայի հետքերը, դեռ նոքա ապրում և տիրում են այստեղ։ Անդրկովկասի այդ մի աննշան անկյունում մի բուռը անգութ, անխիղճ և ցած հարստահարիչների հսկողության ներքո, այն հարստահարիչների, որոնց համար, կարծես, ոչինչ սուրբ բան չկա, որոնք ամենայն րոպե պատրաստ են իրանց շահերին զոհել ամեն բան, զոհել նաև իրանց եղբայրակիցների Սուրբ, Բնական Մարդկային իրավունքներից սկսած մինչև նրանց կյանքը։ Մի զայրանար այդ խոսքերի վրա, սիրելի ընթերցող, այն, ինչ որ տեսնում և լսում է ամենայն օր ներկա տողերը գրողը, եթե քեզ պատահեին տեսնել ու լսել, նույնը կկրկնեիր և դու, գուցե առավել տաք կերպով։ Սակայն մի քանի փաստերից դու կարող ես եզրակացնել, թե Բաքվի գործարաններում բանող մշակների ֆիզիկական վիճակը որքան ողբալի է։ Ես չեմ խոսի այդ մասին երկարորեն, ես չեմ պատմի մանրամասնորեն այն անխնա թակի, ծեծի և փողոցային ամենագարշելի հիշոցների մասին, որոնցով ամենայն