Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/388

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

և այդ ձեր Օգուտն է, որովհետև որքան որ դուք սիրեք, խնայեք մշակին, նույնչափ նա ևս կսիրե, կխնայե ձեր գործերը։ Իսկ թե ինչպե՞ս եք պարտավոր բարվոքել մշակների դրությունը, թեթևացնել նրա աշխատանքները, այդ ես կբացատրեմ ձեզ մի ուրիշ հոդվածով։

ՆԱՄԱԿ ԲԱՔՎԻՑ

Հուլիսի 17-ին

Անհնարին է լռությամբ անցնել «Մշակ»֊ի 122 համարում Բաքվից հաղորդած լուրը։ Ճշմարիտ, որքան որ աննշան երևան ընթերցողին մի քանիսի վարմունքը (թե ովքեր են նրանք, ես չգիտեմ) Բաքվի «Մարդասիրական ընկերության» հայ ընթերցարանից արհամարհանքով հայերեն գրյանքը դուրս շպրտելը, ծաղրելով հայոց լեզուն, այնուամենայնիվ, սա մի այնպիսի տխուր և լուրջ ուշադրության արժանի մի երևույթ է, որի վրա անհրաժեշտ է խորը հայացք ձգել։ Այստեղ բանը մի քանի անձնավորությունների իրանց մայրենի լեզուն ծաղրելու չի, և ովքեր են նրանք, մեզ համար միևնույն է, բայց կա մի ուրիշ վտանգավոր երևույթ, որը վաղուց արդեն դարձած ունի իր վրա «Մշակ»-ի ուշադրությունը, և ձեր թերթը այս անգամ ևս շատ լավ է ըմբռնել բանի էությունը, տեղավորելով իր 122 համարում «Մի Հարցմունք» վերնագրով առաջնորդող հոդվածը։ Անկարելի է չխոստովանել, որ «Մշակ-ը առաջինն է եղել, որ մեզ մատնացույց է արել հայ ժողովրդի մի դասակարգի վրա, ցույց տալով նրան մեր հասարակության մեջ իբրև վերին աստիճանի վնասակար մարմնի վրա։ Այդ այն դասակարգն է, որը իր անձնական նեղ շահերը թաքցրած բարձր գաղափարների վարագույրով, ծծում է հասարակության կենդանի ուժը, իբրև մի թունավոր միջատ։ Այդ այն դասակարգն է, որ իր անամոթ երեսը ծածկած կեղծ կոսմոպոլիտության քողով, արհամարհում, ծաղրում է այն, ինչ-որ վերաբերվում է իր հասարակության, ազգի շահերին, ատում և պախարակում է իր