Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/389

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մայրենի լեզուն, իր հայրենի հողը, գրականությունը, լրագրությունը, ազգային հատկությունները, այն ֆակտորները, որոնք իսկապես սուրբ և պաշտելի պիտի համարվեն նույնիսկ ամենայն մի ճշմարիտ կոսմոպոլիտի համար և որոնք միայն կարող են իբրև լավ միջոցներ` ծառայել ամեն մի բուն հասարակական գործողին։ Վերջապես, այդ այն լուսավորված համարվող հայ ինտելիգենցիան է, որ նույնիսկ գիտության տաճարի դռներից դուրս գալով՝ դնում է գլուխը, սիրտը և հոգին իր գրպանը և, մտնելով կյանքի մեջ, արմատապես մեռցնում է իր մեջ բարոյականը, բարձրը, իդեալականը՝ ստոր նյութապաշտության ներքո, կազմելով իրանից ռեալական հրեշների մի խումբ։ Ոչինչ այնքան զզվելի չէ հասարակական կյանքում, որքան այդ լուսավորված կինտոների դասակարգը, որի օրինակը այսօր կարելի է գտնել ամենայն մի գավառական քաղաքում, բայց և ոչինչ այնքան ցավալի չէ, որքան այն, երբ մարդ տեսնում է, որ այդպիսիները նույնիսկ ժողովրդական շահերի անունով են հասարակական գործունեության ասպարեզում ընտրում իրանց սնապարծությունը, շահախնդրությունը և իառամոլությունը հագեցնելու միջոցները։ — Ինչո՞ւ այդպես չանել, քանի որ նույնիսկ հասարակությունը իր տգիտությամբ թույլատրում է այդ, քանի որ նրա մեջքում այսօր ամենայն հեշտությամբ կարող է սիսեռներ ցանել ամենայն մի բախտախնդիր առաքյալ։

Կան և Բաքվի մեջ անձինք, որոնք ամենայն կերպ աշխատում են «Մարդասիրական» տասնևութ տարի, գուցե և ապարդյուն գոյություն ունեցող ընկերությունը, տակավին հիմնահատակ անել։ Այդ լուսավորվածների կարծիքով հայոց լեզուն ընկերության ու ուսումնարանում պիտի երկրորդական տեղը բռնի, նա, մինչև անգամ, ավելորդ էլ է, որովհետև մայրենի լեզվի դասատվությունը հայ աշակերտներին իդեալականացնում է, նա կյանքի համար օգտավետ մարտիկներ չի պատրաստում, ուրեմն, հետևաբար, հարկավոր է եթե ոչ արմատախիլ անել, գոնե նրան երկրորդական տեղ տալ և հայոց ուսումնարանին մի այնպիսի ուղղություն տալ, որ նրանից դուրս եկողները կարողանան գիմնազիա մտնել կամ, լավն ասած, նրան շինել վերջինի համար իբրև մի