Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/399

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ունի թե մասնավորապես Բաքվի և թե ընդհանրապես Անդրկովկասի կյանքի համար այդ արդյունաբերությունը, որով հափշտակված են ոչ միայն Ռուսաստանի, այլև Եվրոպայի շատ գործնական տնտեսագետներ։ Մեր կարծիքով այդ առօրյա հարցը շատ ավելի նշանավոր է, քան գուցե մտածում է ընթերցողը և, վերաբերելով մեր երկրի անմիջական շահերին, արժանի է դառնում խորին ուշադրության առարկա։ Թերևս մյուս հոդվածներում մեզ հաջողվի բացատրել և այն, թե ինչ նշանակություն ունի նավթային արդյունաբերությունը մասնավորապես Անդրկովկասի հայերի համար։

2

Անցյալ հոդվածով մենք, ընդհանուր կերպով նկարագրելով Բաքվի տնտեսական արագ հառաջադիմությունը, խոստացանք ընթերցողին ծանոթացնել այդ հառաջադիմության գլխավոր աղբյուրի— նավթային արդյունաբերության հետ։ Նույնպես խոստացանք բացատրել, թե որպիսի ահագին նյութական և բարոյական նշանակություն ունի այդ արդյունաբերությունը Անդրկովկասի կյանքի համար։

Որպեսզի ընթերցողը որոշ և պարզ հասկացողություն ունենա նավթային արդյունաբերության վերաբերմամբ, նախ և առաջ կարևոր ենք համարում խոսել հում բերքի, այն է սև նավթի արտադրության մասին։

Բաքվի հյուսիս-արևելյան կողմում, քաղաքից տասներկու վերստ հեռավորությունում կան երկու թրքաբնակ հարևան գյուղեր-Սաբունչի և Բալախանի։ Ահա այդ գյուղերի հողն է, որը արտադրում է այն ահագին բնական հարստությունը, որը այսօր գրավում է թե՛ Ռուսաստանի և թե՛ Եվրոպայի շատ դրամատերերի ուշադրությունը։ Նավթային հանքերը գտնվում են ընդամենը չորս քառակուսի վերստաչափ տարածության վրա։ Նոցա ընդհանուր թիվը այժմ մոտավորապես 500 է, որոնցից 100֊ը մասամբ փուչացած լինելով և մասամբ նոր փորվելով, նավթ չեն արտադրում, իսկ մնացյալները արտադրում են, ոմանք ինքնուրույն, այսինքն՝ առանց որևէ աշխատանքի նավթը դուրս բերելով, իսկ մեծամասնությունը՝ շոգեշարժ կամ մարդաշարժ մեքենաների միջոցով։ Այն հանքերը,