Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/400

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

որոնք նավթը բխում են ինքնուրույն, տեղային բարբառով կոչվում են շատրվաններ (ֆանտան)։ Այդպիսիների թիվը շատ փոքր է և նորա սովորաբար շատ կարճ ժամանակ են տևում, այսինքն՝ մի քանի շաբաթ կամ մի քանի ամիս, իսկ այնուհետև նավթը նորանից դուրս է հանվում մեքենաների միջոցով։ Նավթահանքեր ասված բանը ուրիշ ոչինչ են, եթե ոչ խողովակաձև հորեր, զանազան լայնությամբ և խորությամբ։ Ամենամեծ հորը ունի ընդամենը 18 դյույմ լայնություն, իսկ ամենափոքրը պիտի ունենա գոնե 8 դյույմ, որպեսզի հարմար լինի նորանից նավթը դուրս մղեք։ Ինչ վերաբերում է խորության — դա կախված է հողի հատկությունից։ Կան հորեր, որոնց խորությունը միայն 40 սաժեն է, և կան, որոնց խորությունը հասնում է մինչև 130 սաժենի։ Ներկայումս հորերի խորությունը ավելի է, քան թե առաջ։ Դեռ մի տասը տարի չկա, որ Բալախանի—Սաբունչյան հրապարակի վրա 20 սաժեն խորությունից ոչ միայն նավթ էր դուրս գալիս, այլև շատ անգամ նա առատությունից շատրվաններ էր արձակում, բայց այժմ նավթը շատ հազիվ է պատահում այդ խորությունում։ Իսկ շատրվաններ արձակում են ներկայումս այն հորերը, որոնց խորությունը առնվազն 60 սաժեն է։ Դորա պատճառը այն է, որ Բալախանի-Սաբունչյան հրապարակը հետզհետե քամվում է։ Մենդելեև և Աբիխ հայտնի գիտնականների կարծիքով նավթը երկրի տակ գտնվում է ծալքերով։ Հետզհետե առաջին ծալքերը վերջանում են, և հետևաբար հողերն էլ պիտի որքան կարելի է խորը փորել։ Նույն գիտնականների կարծիքով այդ ծալքերը իրարու հետ կապված չեն և նույնիսկ մի մակերևույթի վրա գտնվող ծալքերը շատ անգամ իրարու հետ հարաբերություն չունին։ Հիրավի հաճախ է պատահում, որ երկու իրարու շատ մոտիկ հարևան հորերից մինը արտադրում է նավթ, մյուսը ոչ, չնայելով, որ երկուսն էլ միևնույն խորությունն են ունենում։ Այստեղից նույնպես պարզ է, որ երկրի տակ նավթը, բացի ծալք-ծալք լինելուց, տարածված է և երակներով, այսինքն՝ նա չի պարունակվում մի ահագին լճի մեջ, ինչպես կարծում էին մինչև վերջին ժամանակները։ Նույնը հաստատում է և մերիկական Պենսիլվան, ուր ներկայումս հորերի խորությունը հասնում է մինչև