Մենդելևը, Աբիխը, Լիսենկոն և ուրիշ շատ գիտնական մասնագետներ։
Դառնանք այժմ նավթային արդյունագործության, այսինքն, թե ինչպես են հում նավթից գործածելու պարագաներ պատրաստում։ Հանքատերերը իրանց հորերի մոտ ունեն սեփական քարաշեն կամ երկաթի ամբարանոցներ։ Նավթը, հորերից դուրս գալով, հավաքվում է այդ ամբարանոցների մեջ և այստեղից ուղարկվում գործարանները, ուր նա մշակվում է։ Նավթագործարանները գտնվում են Բաքվից մի երկու վերստաչափ հեռավորությունում և, սփռված լինելով 6 քառակուսի վերստաչափ տարածության վրա, կոչվում են «Սև քաղաք»։ Սև քաղաքի և Բալախանի — Սաբունչյան հրապարակի հեռավորությունը մոտավորապես 13 վերստ է, և սև նավթը առաջնից դեպի վերջինը գալիս է ներկայումս երկաթուղիով և նավթախողովակներով։ Մինչև 1876 թվականը վերջիններից ոչ առաջինը կար, ոչ էլ երկրորդը, և նավթը բերվում էր Սև քաղաք հասարակ սայլերով թուլուղների մեջ, որ առաջինը՝ խիստ թանկ էր նստում, երկրորդ՝ սայլապանները նավթը ճանապարհին գողանում էին ու ծախում ուրիշներին և երրորդ՝ նավթը շատ ուշ էր տեղ հասնում։ 1876 թվին Նոբելը առաջինը եղավ, որ մտածեց սայլապանների հարստահարության առաջը կապել։ Նա, ահագին գումար ծախսելով, նավթահորերից մինչև Սև քաղաքը, դեպի յուր գործարանը, շարեց մի նավթախողովակ։ Տեղացի արդյունաբերները ծիծաղում էին շվեդացի եռանդուն ձեռնարկողի, այդ, իրենց կարծիքով, հանդուգն և խելառ ձեռնարկության վրա։ Բայց կարճ միջոցում Նոբելը ցույց տվեց, թե որքան մոլորված են տեղացիները։ Այդ նավթախողովակով օրական 40 հազար փութ սև նավթ տեղափոխելով թե յուր և թե ուրիշների գործարանները, նա մի տարվա ընթացքում, բացի իր պահանջը լրացնելուց, լիովին ձեռք բերավ խողովակի վրա ծախսած գումարը։ Այնուհետև միայն տեղացիները սկսեցին ձեռքները ծնկներին զարկել, ափսոսալով, որ իրենք չհետևեցին Նոբելի խորհրդին, որ անդադար առաջարկում էր իրանց այդ խողովակի շինությունը ձեռնարկել ընկերությամբ։ Շատ չանցած և Նոբելի օրինակին