տարի։ Բայց հասան յոթանասունական թվականները, և ամենայն ինչ սկսեց հետզհետե կերպարանափոխվել ի մեծ զարմացումն անշարժ տեղացիների։ Օտար ձեռնարկողները հետզհետե ոտ դրին, երևան եկավ Նոբելր, որը այսօր շատ իրավացի կոչվում է «Նավթային թագավոր»։ Այդ Նոբելը հմուտ բժշկի փորձառությամբ նախ և առաջ ուսումնասիրեց արդյունաբերության ժամանակակից վիճակը, ապա սկսեց ձեռնամուխ լինել գործին և ձեռնամուխ լինել այն հեռավոր նպատակով, որ մի ժամանակ ասպարեզից դուրս վռնդի տգետ տեղացիներին։ Նա հարմարեցրեց սև նավթը տեղափոխելու միջոցները, հնարեց հեղալից նավեր, բարվոքեց ֆոտոգենի հատկությունը։ Մի խոսքով, նա գործին տվավ այն ուղղությունը, որը անհասկանալի է առհասարակ ասիացիների համար—լինեն սոքա հայեր, թուրքեր թե վրացիներ, այսինքն, նա չխնայեց իր դրամագլուխը ծախսել ներկայումս հեռու ապագայի կանոնավոր և հաստատ շահերի համար։ Այդ ուղղությունը տնտեսական աշխարհում անվանվում է «դրամական ուղղություն» (капиталистическая система): Եվ ներկայումս Նոբելի նավթային գործերը գտնվում են նորա ճիշտ հիմունքների վերա։ Նոբելը գործը տանում է իբրև իսկական արդյունաբեր, որի զենքերն են գիտություն, դրամ և եռանդ, այնինչ՝ տեղացիները մեծամասնորեն գործին վերաբերվում են իբրև չարչի — վաճառականներ, որոնց թշվառ զենքերն են՝ խորամանկություն, անտեղի խնայողություն, տգիտություն։
Պարզ է, ոը այդպիսի հետադեմ զենքերով անհնարին է մի արդյունաբերություն առաջ տանել։ Խորամանկությունը, անտեղի խնայողությունը և տգիտությունը շատ-շատ կարող են հարկավոր գալ միայն վաճառականական ասպարեզում։ Բայց արդյունաբերությունը վաճառականություն չէ, նա երբեք չի էլ կարող համեմատվել վերջինի հետ, և տեղացիների գլխավոր սխալը հենց նորանում է կայանում, որ տնտեսական այդ երկու ֆակտորները իրարուց չեն կարողանում որոշել։ Նոքա չեն կարողանում հասկանալ, որ վաճառականությունը գուցե կարող է առանց գիտության գոյություն ունենալ, իսկ արդյունաբերությունը սուղ կապերով կապված է վերջինի հետ։ Եթե