Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/418

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նյութական կողմը, այլև նորա մտավոր և բարոյական կողմերը։ Աղքատ և հարուստ — սոցանից ամենայն մեկը առանձնապես ապրում է յուր տնտեսական դրության հատուկ ավանդություններով (տրադիցիա) և շատ ժամանակ այդ դրության փոփոխությունը մարդու բարոյական կյանքը ենթարկում է արմատական փոփոխությունների։

Բայց այսպես թե այնպես մարդը, իբրև կենսական պայմանների մի խաղալիք, ամենից ավելի հպատակված է տնտեսական պայմաններին, վասն որո նշանավոր է սոցա կատարած դերը մարդու բարոյական կյանքի վերաբերությամբ։ Այս տեսակետից նայելով, մենք կարող ենք տեսնել, որ այն ժողովուրդը, որի տնտեսական կյանքը չունի մի որևէ սիստեմատիկական ուղղություն, նորա բարոյական կյանքը ևս չի կարող ունենալ որոշ ուղղություն։ Կանոնավոր տնտեսական կյանք ասելով մենք հասկանում ենք այն կյանքը, երբ ժողովրդի նյութական միջոցները, բխելով մի հայտնի աղբյուրից, բաժանվում են այդ ժողովրդի անդամների կամ դասակարգերի մեջ պարզ և որոշյալ քանակությամբ, երբ աղքատությունից դեպի միջակ կարողություն և վերջապես դեպի հարստություն կան հայտնի աստիճաններ, որոնցով մարդիկ կամ բարձրանում ենք հետզհետե, կամ ցած իջնում։ Այդպիսի կյանքում աղքատությունը և հարստությունը իբրև իրարու հակասող տարրեր, դրված լինելով հայտնի շրջանակների մեջ, ամենայն մեկը դոցանից բարոյական մարդկանց կրթում է յուր սեփական ավանդությունների համաձայն։ Այդ մենք տեսնում ենք այն ազգերի շրջանում, որոնց մեջ հասունացած է կամ գործարանական արդյունաբերությունը, կամ երկրագործական արդյունաբերությունը, նամանավանդ այնտեղ, ուր առաջինը հասել է վերին աստիճանի զարգացման, ինչպես, օրինակ, Անգղլիայում։ Այստեղ արդեն արդյունագործը արդյունագործ է, բանվորը բանվոր, արհեստավորը արհեստավոր և ամեն ոք ունի յուր բարոյական օրենքների հայտնի կոդեքսը։ Թեև մարդկության բախտավորության համար մտածող իմաստասերների կարծիքով այդպիսի տնտեսական կյանքը չէ կարելի երջանիկ համարել մի ժողովրդի համար, ըստ որում նա ունի յուր հայտնի չարիքները ևս, բայց մյուս