Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/419

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կողմից նա անկանոն տնտեսական կյանքի դեմ ունի այն առավելությունը, որ մարդկանց տալիս է հայտնի, որոշ բարոյական և մտավոր գույն։

Վերաբերելով այդ գաղափարը Բաքվի տեղացի արդյունաբերներին, մենք գալիս ենք շատ անմխիթար եզրակացության։ Մենք սոցա կյանքում նկատում ենք հանկարծակի բարոյական մի փոփոխություն՝ շնորհիվ նոցա տնտեսական դրության հանկարծակի փոփոխության։ Երեկվա հասարակ կոշկակարը, ջրկիրը, մշակը, գործակատարը, երկրագործը, նավթային արդյունաբերության շնորհիվ, մի քանի տարվա ընթացքում դառնալով նշանավոր հարստության տեր, այսօր արմատապես փոխվելով, բարոյական կետից ներկայացնում են մեր ժողովրդի մեջ մի անմխիթար դասակարգ։ Հայտնի է, որ հարստությունը ի չարը չգործ դնելու համար հարկավոր է ունենալ քիչ թե շատ բարոյական ուժ, նույնպես հայտնի է, որ այդ ուժը մարդուն տալիս են ընտանեկան կրթությունը, շրջապատող հասարակությունը կամ գիտությունը։ Այդ տեսակ բարոյական ուժից զուրկ լինելով, Բաքվի հասարակությունը յուր նյութական կարողությունը գործ է դնում դեպի չարը թե՛ ներկայի, թե՛ ապագայի վերաբերությամբ։ Հարստությունը տված է մարդուն երջանիկ ապրելու համար, և մարդիկ աշխատում են նյութական միջոցներ ձեռք բերել իրանց կյանքը բախտավորեցնելու նպատակով—դա ամենքի համար պարզ մի միտք է, որին ոչ ոք չի կարող հակառակել։ Սակայն այստեղ կա մի նշանավոր կետ, այն է, թե արդյոք ինչպե՞ս են հասկանում մարդիկ երջանիկ ապրուստը: Երջանիկ կյանք ասված բանը մի պայմանավոր խնդիր է, որի այս կամ այն տեսակ հասկանալը կախված է անհատի կամ հասարակության կրթությունից, մտավոր հասկացողությունից և վերջապես բնական առանձնահատկություններից։ Մեկի բախտավորությունը մյուսի համար կարող է դժբախտություն համարվել, մեկի վնասը կարող է մյուսին օգուտ բերել և ամենայն ոք երջանիկ գոյությունը բացատրում է յուր հասկաողության համաձայն։ Բայց կա կյանքի մի եղանակ, որը անպայման վնասակար է համարվում։ Ահա այդ եղանակով է վարում յուր կյանքը Բաքվի եղացիների այն ահագին