թանձր էշմաղներով բերանները ծածկած աչքունքով էին խոսում, մերթ ընդ մերթ կարմրելով, ծիծաղելով, ձեռներով իրենց աչքերը ծածկելով և իրարու ուսին խփելով։
Մեր խրճիթը մի տախտակյա միջնապատով բաժանված էր երկու մասի։ Մյուս կողմից լսվում էր նկարչի մրթմրթալու ձայնը։ Նա կեղտոտ հատակի վրա տեսել էր ուրիշի հաշվով ապրող մի զեռուն, նրա հետ տաք վիճաբանության մեջ էր։ թեման այն էր, որ թե անկոչ հյուրը ինչ իրավունքով է արշավում դեպի իր կողմը։ Այնինչ բժիշկը մի ոտը դեպի հյուսիս, մյուսը դեպի հարավ տարածած, խռմփացնում էր։ Նկարիչը բժշկի հանգիստ քնին նախանձում էր, և իրավամբ։
Խեղճ երիտասարդ. ամբողջ գիշեր նա չէր քնել, մարմինը մեզ հետ էր, իսկ հոգին թողել էր... Ասում են, թե ով այդպիսի գիշերներ չի անցկացրել, նա չի սիրել, ով չի սիրել, նա չի ապրել։
— Օ՜ն ի թռույթ,— կրկին հնչեց ականջիս։ Նայեցի դեմուդեմ, սենյակի մեջտեղում կանգնած էր բարձր հասակով մի արարած, ոտից մինչև գլուխ սպիտակ հագուստով, նիհար, ոսկրոտ, մեջքից քիչ թեքված, իսկ և իսկ Համլետի հոր ուրվականը։
—Երզնկյանց, դո՞ւ ես․․․
— Օ՜ն ի թռույթ,— կրկնեց նա և սկսեց իր մելամաղձոտ, հիվանդոտ և համակրելի ձայնով երգել «Առավոտ լուսո»։
Իսկ առավոտը գեղեցիկ էր։ Արևը արդեն բավական բարձրացել էր, և նրա ճառագայթները հետզհետե ծծում էին երկրի վրա սփռած թանձր արճիճագույն մշուշը։ Տակավ առ տակավ պարզվում էր գյուղի հնձած դաշտերի և հերկած արտերի սև-դեղնագույն տարածությունը։
Ահա արևի տաքությունը շոշափեց և շրջակա բլուրների, լեռների, ժայռերի գագաթը, կուրծքը, ստորոտը․ չքացավ նրանց վրայից ջրային շղարշը, որ պատել էր որպես մի անձեռագործ վերմակ։ Իրենց պարզությամբ երևան եկան գիշերային քնից զարթնած բնության հսկաները, ուրախ, զվարթ․ և հպարտ...
Միայն ձորերի, խորշերի և ահռելի անդունդների մեջ