Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/43

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

տակավին թագավորում է մթությունը: Եվ անընդհատ. շղթայակապ ծառերի մեջ սղմված Դերեդան խուլ, դառն և աղդու հառաչանքներ էր արձակում, կարծես աղերսելով երկնային լուսատուին, որ փարատի նրա մակերեսի վրա տարածված ճնշող խավարը։ Բայց լույսը տակավին հեռու էր նրանից։ Հսկայական պատերը, մեկը հյուսիսից, մյուսը հարավից, բռնապատել են նրան։

Նա հուզվում է, փրփրում, կռվում վիթխարի քարերի հետ։ Նա նոր է սկսել հուզվել, առաջ նրա ուղին հարթ էր, ընթանում էր լուռ, մինչև անգամ ուրախ, որովհետև հարավ հյուսիսի ժայռերը հովանավորում են նրան։ Բայց երբ ժայռերը սկսեցին քարեր ձգել նրա հոսանքի դեմ, երբ սկսեցին խափանել նրա խաղաղ ընթացքը, նա բարձրացրեց իր անզոր բողոքը, իր ողբը։ Ավաղ, նրա ողբին արձագանք չեն տալիս ոչ դարերի ծանր անցքերի հիշատակներով լեցուն Սևորդյաց ձորը, ոչ Գուգարաց աշխարհի լեռների թագավոր Լալվարը և ոչ կուսական մութ կանաչագույն անտառները, որոնք անհագ ագահությամբ ծծում էին արևի ջերմությունը, որպես սպունգը ջրին։

Մեր կոտրված պատուհանի առջև տարածված էր վանքի փոքրիկ, խղճուկ այգին, աջ և ձախ սփռված էին գյուղական խրճիթները։

Տղամարդկանց մեծագույն մասը իրենց անասունների հետ գտնվում էին լեռնային արոտատեղերում։ Գյուղում մի առանձին կենդանություն չէր նկատվում, միայն այս ու այն կողմում երևում էին գեղջկուհիները, որոնք իրանց խրճիթների կտրում, չորացնելու համար, սփռում էին անտառից, այգիներից և պարտեզներից հավաքած ընկույզը, հոնը, սոխը, լոբին և այլն։ Երբեմն երևում էին փայտի օգնությամբ դանդաղ քայլերով անցուդարձող ծերունիներ կամ ոտաբաց ու գլխաբաց երեխաներ։

ՈՒրիշ ոչ մի կենդանություն։ Մենք անմիջապես հագնվեցինք և դուրս եկանք։ Կանչեցինք վանքի ծառային և խնդրեցինք, որ մեզ սամովար տա, այն էլ, տեսեք մեր հանդգնությունը... շուտով։

Գեղամամ վարդապետի քաղցր ընդունելությունը մեզ