Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/426

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կենդանին։ Ուստի արհամարհենք այդ անազնիվ փոքրամտությունը և, զուտ մարդասիրական զգացմունքիդ դրդված այս անգամ ևս, օգնության ձեռք մեկնենք մեր թշվառ արյունակիցներին: Օգնենք, եթե չենք ուզում մի անգամ ևս արժանանալ օտարների վիրավորիչ հանդիմանության, թե չկա հայերի համար ավելի բարձր զգացմունք, քան նեղ շահասիրությունը։ Շատ ենք լսել այս տեսակ հանդիմանություններ, և որքան նոքա միակողմանի լինին, այսուհանդերձ շատ էլ անհիմն չեն։ Եվ եթե մենք կամենանք բողոքել այս վիրավորիչ հարձակումների դեմ լոկ խոսքով, մեր բողոքը անզոր կլինի, գործով պիտի ապացուցանենք, թե, այո, գուցե շահասեր ենք, բայց հարկավոր եղած ժամանակ դիտենք և մեր շահասիրությունը մոռանալ հանուն մարդասիրության, հանուն եղբայրասիրության։ Վեց հազար զեյթունցի հայեր բնակարան չունին ձմեռային ցրտերից պատսպարվելու, եկեղեցի չունին իրանց վշտացյալ հոգին աղոթքով ամոքելու, ուսումնարան չունին իրանց ուսումնակարոտ զավակներին տեղավորելու, մերկ են, քաղցած են,— ահա թե երբ է հարկավոր գործով ապացուցանել, թե գիտենք և զգում ենք, թե ինչ ասել է մարդասիրությունը:

Թող ուրեմն ամեն մի հայ գործով արտահայտի այդ վեհ զգացմունքը, թող յուրաքանչյուրը չխնայի յուր կարողության չափ օգնել թշվառ Կիլիկիայի թշվառ զավակներին։

«Արձագանք»֊ի խմբագրությունը պատրաստ է ընդունել նվիրատվությունները և ուղարկել Կ. Պոլսի Ազգային Վարչության կողմից կազմված Հանձնաժողովին։ Իսկ ցանկացողները կարող են անմիջապես ուղարկել իրանց նվիրատվությունները հիշյալ Հանձնաժողովին։

ՀԱՅ ԱԶԳԻ ԿԱՏԱՂԻ ԹՇՆԱՄԻՆ

I

Մինչև վերջին ժամանակները բացառապես և այժմ մեծ մասամբ օտարները հայ անվան հետ ծանոթանում են վաճառականների միջնորդությամբ։ Յուր գործունեությամբ հայ