Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/425

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Այնինչ ձմեռը մոտենում է, սկսվում են Տավրոսի լեռների սարսափելի ցրտերը և վեց հազար հոգի, գրկված ապաստարանից, բաց երկնքի տակ, զոհ կդառնան բնության արհավիրքին, եթե օգնության ձեռք կարկառող չլինի, Կ. Պոլսի պատրիարքարանը այս օրերս կազմել է մի հանձնաժողով, որի հրավերը տպեցինք անցյալ անգամ շաբաթաթեր թիս մեջ։ Հանձնաժողովի նպատակն է զեյթունցիների համար պատսպարան շինել և այրված եկեղեցիներն ու ուսումնարանները վերականգնել։ Այս նպատակով տաճկահայերի մեջ արդեն նվիրատվություններ են հավաքվում։

Այժմ Խրիմյան Հայրիկը, հայ ժողովրդի վշտերի և տվայտանաց այս զգայուն թարգմանը, դիմում է մեզ ռուսահայերիս, որ օգնության ձեռք մեկնենք այն մեր արյունակիցներին, որոնց անունը հայ ժողովուրդը ոգևորված երգում է ամենայն տեղ։

Տպելով Հայրիկի այս ազդու նամակը, հրավիրում ենք այն բոլորին, որոնց սրտում վառ կա մարդասիրության գեթ մի աղոտ կայծ, շտապել օգնելու անպատսպար զեյթունցիներին, Ռուսահայերը միշտ՝ առատաձեռն նյութական օժանդակությամբ՝ նպաստել են տաճկահայերին, և այժմ այն մանավանդ պարտավոր են նպաստել, քանի որ վեց հազար հոգուց բաղկացած մի թշվառ ժողովուրդ կորստյան վտանգի դեմ սպասում է այս օգնության։ Սխալ է այն դատողությունը, թե միշտ մենք ենք օգնել տաճկահայերին, իսկ նոքա ոչ մի անգամ մեզ չեն օգնել։ Եվ ոչ միայն սխալ է այս դատողությունը, այլև զուրկ է բարոյական հիմունքներից։ Ճշմարիտ բարեգործի համար վարձատրվելու միտքը անգամ զզվելի պիտի լինի։ Ով յուր արած բարեգործության համար երկրպագություն կամ վարձ է պահանջում, նա չարաչար մեղանչում է առաքինության դեմ։ Մարդասիրությունը մի վեհ զգացմունք է. նա առևտուր չէ։ Եթե մենք կամենանք ամեն մի մեր տված ողորմության փոխարենը պահանջել, նախ պետք է դուրս ձգենք մեր սրտից մարդասիրական զգացմունքը, որովհետև ոչ ամենայն մի կարոտյալ կարող է մեզ վարձատրել։ Իսկ ով որ չէ կրում յուր սրտում այդ վեհ զգացմունքը, նա մարդկության աստիճանից ստորանում է, քան անբան