Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/440

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ճիգ են թափում Բաքվում փոքրիկ հասկանալի գրքույկներով լուսավորության առաջին շավիղը բաց անել իրանց կրոնակիցների առջև։ Նոքա սկսել են թարգմանել հին պարսկերենից Հադրբեջանի բարբառով պարսկական երևելի բանաստեղծների՝ Հաֆիզի, Ֆիրդուսիի և Սաադիի հանճարեղ երկասիրությունները։ Բայց նոցա այս ամենահասարակ քայլն անգամ հանդիպում է զանազան խոչընդոտների մահմեդական հոգևորականների կողմից։ Վերջինները մի զարմանալի համառությամբ պնդում են, թե հասարակ մահկանացուները չպիտի հասկանան հիշյալ բանաստեղծություն¬ները։ Բայց հասկանում են արդյոք իրանք, մոլլաները, որ գիշեր-ցերեկ թութակի պես կարդում են։ Դժվարանում ենք այս հարցին դրական պատասխան տալ, որովհետև, որքան մեզ հայտնի է, Անդրկովկասի թուրք հոգևորականներից շատ և շատ քչերը տեղյակ են պարսկերենին և արաբերենին։

Եվ ահա այդ հոգևորականները, ինքյանք խարխափելով տգիտության մեջ, արգելք են լինում և ժողովրդի լուսավորության։ Ինչո՞վ կվերջանա այս մոլեռանդ ընդդիմադրությունը,— չգիտենք։ Միայն մեզ մնում է, հանուն մեր դրացի ազգաբնակչության քաղաքակրթության, առժամանակ մխիթարվել այն լուսավոր կայծերով, որ երբեմն ցայտում են նորա խորհող և ազատամիտ անդամների մտքից։ Թող Ջալալ էֆենդին, նորա մեծ եղբայր Շիլյանսկին և այլ այդպիսի լուսամիտ անհատներ չվհատին իրանց հանդիպող խոչընդոտներից։ Մենք անկեղծ սրտով ցանկանում ենք նորանց կատարյալ հաջողություն իրանց հառաջադեմ գործում։

ԿՈՎԿԱՍՅԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ

Առաջիկա շաբաթ, վերջապես, կբացվի Կովկասի արդյունաբերական և գյուղատնտեսական վաղուց սպասված ցուցահանդեսը։ Այս տարի առաջին անգամ մենք առիթ կունենանք տեսնել մեր երկրի գյուղական և քաղաքային ազգաբնակությունների տնտեսական ընդունակությունների և հմտության արդյունքների նմուշները միասին ժողոված։