Թե որքան հարուստ և բազմակողմանի կլինի այդ աrաջին ցուցահանդեսը, որքան նա կարդարացնի յուր վրա դրված հույսերը, տակավին դժվար է գուշակել, քանի որ նա դեռ բացված չէ հասարակության համար։ Առայժմ կարող ենք միայն օր առաջ շնորհավորել նորա բացումը, այն հույսով, որ, որքան ևս աղքատ ներկայացրած լինի մեր երկրի արդյունաբերության և գյուղատնտեսության այս կամ այև ճյուղը, այնուամենայնիվ, իբրև առաջին փորձ, մեզ, կովկասցիներիս համար անչափ հետաքրքրական պիտի լինի։
Մենք առիթ կունենանք, եթե ոչ լիովին, գեթ մոտավորապես գաղափար կազմել մեր՝ բնությամբ հարուստ երկրի զանազան կողմերի և բազմատեսակ ազգաբնակությունների տնտեսական և մտավոր արդյունքների մասին։ Գյուղատընտեսությունը, որ անշուշտ առաջին տեղը կբռնի այդ հանդիսում, տակավին մեզ, քաղաքացիներիս համար մի անհայտ բան է․ մինչև այսօր չգիտենք, թե ո՞րքան բազմատեսակ են նորա արդյունքները, թե մեր գյուղացին ի՞նչպիսի բերքեր է արդյունաբերում, ի՞նչ միջոցներով և ո՞րքան մշակված։ Այս բոլորի մասին, եթե ոչ լիովին, գեթ մոտավորապես հասկացություն կունենանք, տեսնելով ցուցահանդես հանված երկրագործական և տնային արդյունաբերական իրերը։
Անշուշտ, ցուցահանդեսում ի ցույց կդնվին և այն բոլոր գործիքները, որոնց Կովկասի զանազան կողմերի գյուղացիները գործադրում են տնտեսության այս կամ այն ճյուղում։ Մնում են դեռ ևս ամեն տեղ այն նահապետական գործիքները, որ դարերից ի վեր գործադրում է մեր գյուղացին, թե՞ նոցա փոխարեն փոքրիշատե կատարելագործված եվրոպական գործիքներ են մտել մեր գյուղերը, և ո՞րչափ, ո՞ր կողմերում, ո՞ր ազգի գյուղացիների մեջ, այս բոլորը խիստ հետաքըրքրական են ոչ միայն մասնագետների, այլև ամեն մի փոքրիշատե զարգացած մարդու համար։ Եվ այս մասին ցուցահանդեսը, չենք կարծում, որ հասկացողություն կտա հետաքրքրվողին։
Բայց հասարակ դիլետանտներիս համար ավելի հետաքրքրական կլինի տնային արդյունաբերական ճյուղը, ուր մասնակցում են թե՛ գյուղացիները և թե՛ քաղաքացիները։