Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/442

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Այստեղ մենք կտեսնենք մեր երկրի ձեռագործ արդյունաբերության պտուղները։ Մեքենայական կամ, ինչպես ասվում է, դրամատիրական արդյունաբերությունը մեզանում դեռ ևս զարգացած չլինելով, տնային արդյունաբերությունը տիրապետող դրություն է վայելում, ուստի և նա առայժմ մեր երկրի տնտեսական ամենագլխավոր ուժերից մեկն է։ Տնային կերպով են արդյունաբերվում տակավին բոլոր գործածական պարագաները, բացի մի քանի աննշան փոփոխություններից։ Եվ, որքան մեծ հայտնի է, արդյունաբերության միակ ճյուղը, ուր մուտք է գործել կատարելագործված եվրոպական սիստեմը — այդ նավթային արդյունաբերությունն է, որ այժմ զուտ կապիտալիստական հիմունքների վրա է առաջ դնում, շնորհիվ այն եվրոպական մեծ դրամատերերի, որ այժմ խոշոր ձեռնարկողներ են հանդիսանում նավթային արդյունաբերության մեջ։ Բացվելիք ցուցահանդեսում յուր արժանավոր տեղը կբռնի և այդ զուտ եվրոպական ձևի արդյունաբերությունը։ Կցույց տրվին, երևի, այն կատարելագործված մեքենաները և գործիքները, որոնց միջոցով հարստահարվում է մեր երկրի այդ ամենահարուստ աղբյուրը։ Այս կողմից Բաքվի նավթարդյունաբերները և գործարանատերերը բավական նպաստող կհանդիսանան ցուցահանդեսի հարստությունը, եթե միայն ի ցույց կհանեն այն բոլորը, ինչ որ խոստացել են։

Նույնչափ, և գուցե ավելի, հետաքրքրական պիտի լինի ցուցահանդեսի և այն ճյուղը, որ պետք է պարունակե Կովկասի բոլոր կողմերի բուսականությունը և անտառային բերքերի նմուշները։ Գուցե այստեղ ի ցույց հանվեն և անտառային վայրենի կենդանիների ու թռչունների տեսակները, ինչպես պիտի ցույց տրվեն տնային կենդանիների ու թռչունների տեսակները։

Այս բոլորը ի նկատի ունենալով, մենք չենք կասկածում, թե հասարակությունը արժանի ուշադրությամբ կվերաբերվի Կովկասյան ցուցահանդեսին, նորա համար ու ռաջնակարգ տնտեսական նշանակություն ունի։ Յուր երկրի տնտեսական վիճակին ծանոթանալ պարտավոր է ամեն մի անհատ. ապացուցանել սորա ճշմարտությունը՝ կնշանակե