Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/45

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

***

Շտապեցինք հագուրդ տալ մեր բուռն հետաքրքրությանը, տեսնել Սանահնի հնությունները։

Մինչ հակակրելի շրթունքներով սպասավորը կբարեհաճեր բանալիները բերել, մենք մի պտույտ արինք վանքի շուրջը: Այստեղ ևս նույն անհոգությունը, նույն բարբարոսական արհամարհանքը դեպի անցյալի կենդանի վկաները, դեպի մարդկային հանճարի հրաշալի արտադրությունները, ինչ որ նկատել էինք Հաղբատում։ Եթե ճիշտ է, որ Սանահին բառը նշանակում է «Սա-քան-զնա-հին է»¹, ուրեմն մարդիկ ավելի անխիղճ պիտի վերաբերված լինեին դեպի Սանահնի պատկառելի հնությունները, քան թե Հաղբատինը։

Եվ այսպես էլ էր. եթե Հաղբատի վանքը կիսախարխուլ է, Սանահնինը գրեթե մոտ է ավերակ դառնալուն և կեսն արդեն ավերակ է։

Մտանք Աստվածածնա տաճարը։ Այս եկեղեցին շինել են IX դարում հունաց Ռոմանոս կայսրից փախած այն կրոնականները, որ հակառակ կայսեր ստիպման, չընդունեցին Քաղքեդոնի չորրորդ ժողովը։ Բայց Սարգիս վարդ. Ջալալյանցի ասելով, նրա հիմնադրումն իսկապես պիտի համարել քրիստոսի առաքյալների ժամանակից, որոնք այստեղ գալով, մի խաչ են դրել «ի նպատակ պաշտպանման ժողովրդոց»։ Այնուհետև Գրիգոր Լուսավորիչը մի փոքրիկ խորան է կառուցել այդ առաքելադիր խաչի վրա։ Հետո հիշյալ կրոնավորները շինել են Աստվածածնա եկեղեցին։

Ճարտարապետության և գեղեցկության կողմից այս տաճարը այնքան նշանավոր չէ, որքան Հաղբատի տաճարը,

[1]

  1. Պ. Երիցյանի տեղեկությունների մեջ կարդում ենք Հաղբատ և Սանահին բառերի ծագման մասին հետևյայը. «Հաղբատ բառը գոյացած է երկու սկզբնական բառերից՝ «հաղբ» (որոգայթ) և «ատեմ», որ նշանակում է «ատեմ զհաղբ», այսինքն՝ ատում եմ կամ խույս եմ տալիս որոգայթից: Այս անունը վանքին տվել են առաջին միաբանները, որոնք աշխարհը որոգայթ համարելով, փախել էին նրա ունայնություններից և վանք մտել։ Իսկ Սանահին բառը ծագել է չորս բառերից՝ «Սա-քան-զնա-հին», այսինքն՝ սա նրանից հին է: Սանահնի վանքը ավելի հին է, քան Հաղրատինը։ (Տե՛ս «Кавказская старина» № 18.)