իսկ «Համազասպա» շքեղ գավթի հետ համեմատել անգամ չի կարելի։
Ավելի գեղեցիկ և հոյակապ է տաճարի ձախ կողմը, Ամենափրկիչ ուխտն, որ 961 թ. (քր․) շինել է տվել Աշոտ Ողորմածի ամուսին Խոսրովանուշը, Հաղբատի վանքի հիմնադիր թագուհին։ Այս շինությունն իր բարձրությամբ և մեծությամբ աչքի է զարնվում բոլոր շրջակա շինությունների մեջ, բարձր է Հաղբատի տաճարից։ Այստեղ ևս արևելյան պատի վրա դրսից փորագրված են Խոսրովանուշի երկու որդիների՝ Սմբատի և Գուրգենի, հոռելեֆները, որ, ինչպես Հաղբատում եկեղեցվո կաղապարը իրենց ձեռքով նվիրում են աստծուն։
Ժողովրդի մեջ պտտում են զանազան ավանդություններ Խոսրովանուշի մայրական բուռն սիրո մասին։ Եվ այդ սերն է գլխավորապես դրդել բարեսիրտ թագուհուն՝ շինել երկու նշանավոր տաճարները, որոնցով նա կամեցել է մի կողմից՝ Հհայցել աստծո ողորմ ությունն և սերը դեպի իր որդիները մյուս կողմից՝ անմահացնել նրանց անունները։ Խե՜ղճ մայր, եթե այսօր զարթնեիր, որքան պիտի ողբայիր, չգտնելով քո սիրեցյալ որդիների գերեզմանների տեղը։
— Ո՞Ւր է Գուրգեն թագավորի գերեզմանը,— հարցնում էինք մենք անդադար մեր առաջնորդ տիրացուից։
Մենք շարունակ կարդում էինք բոլոր տապանաքարերի արձանագրությունները, բայց չկար ոչ Գուրգեն Կյուրիկեի և ոչ Դավիթ Անհողի գերեզմանները։ Տեսանք միայն Ներսես փիլիսոփայի, Անանիա, Դեոսկորոս, Հակոբ և Վարդան երևելի վարդապետների և այլոց գերեզմանները։
Անցանք մենաստանի դռան առջևին Հովհաննես արքեպիսկոպոսի 1181 թ. (քր․) կառուցած գավիթը։ Այս գավթի շինության նպաստել են Մարիամ, Ռուսուդան և Բորինա քույրերը, Աշոտ Ողորմածի թոռները, Գուրգենի դուստրերը։ Գուցե նրանք այստեղ են ամփոփել իրենց սիրեցյալ հոր մարմինը։ Որոնեցինք այստեղ ևս, անցանք կից երեք խորանավոր գավիթը. չկա Գուրգենի գերեզմանը և ոչ Դավիթ Անհողինը։ Բայց կան այլ և այլ նշանավոր անձանց գերեզմաններ, ահա այս գավթի շինող Հովհաննես արքեպիսկոպոսի, ահա Մխիթար Գրչելիի, Մագիստրոս հայր Գրիգոր Վահրամյանցի,