Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/456

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

փայլուն և թափանցիկ աղի կտորները։ Կան և այդ աղից շինած, առանձին պահարանի մեջ դարսած, զանազան տնալին մանր-մունր իրեր, որ ցույց են տալիս աղի ամրությունը և մաքրությունը։ Միևնույն շարքում, մի այլ սեղանի վրա, դարսված են բազմաթիվ շիշեր, որ պարունակում են Բաքվի, Կուբանի և Քութաիսի հանքային յուղերի տեսակներ։

Աչքի են ընկնում պատից քարշ արած մեծ քարտեզները, որոնցից մեկը ցույց է տալիս մեր երկրի ուսումնասիրված կողմերի հանքատեղերը, հետո Սիմենսի ներկայացրած մեծադիր լուսանկարները և մակարդակները յուր սեփական հանքերի։ Կան և մի քանի ուշադրության արժանի գույնզգույն նկարներ ավազից շինած։ Մի առանձին սեղանի վրա դրված են մոտ տասն հատոր մասնագիտական գրքեր Կովկասի երկրրախոսության վերաբերմամբ։

Այս են ցուցահանդեսի հանքային բաժնի հետաքրքրական առարկաները։ Դառնանք այժմ տնային արդյունաբերության բաժնին, որ մեզ համար ավելի ուսումնասիրելի է։ Ցուցահանդեսի առթիվ մեր գրած մի հոդվածում արդեն ասել ենք, որ Կովկասում տնային արդյունաբերությունը վայելում է տիրապետող դրություն առայժմ, քանի որ մեքենայական արդյունաբերությունը անզարգացած է։ Հիրավի, ով փոքրիշատե ծանոթ է մեր երկրի տնտեսական դրությանը գեթ գրականական աղբյուրներից, նորա համար մեր ասածը անհերքելի է։ Մի կողմ թողնելով քաղաքային արհեստները, որ նշանավոր դեր են կատարում մեր տնտեսական վիճակի վերաբերմամբ, գյուղական ազգաբնակության եկամուտի գլխավոր աղբյուրներից մեկը՝ տնային արդյունաբերությունն է։ Կովկասի գյուղացին, բացի յուր ընտանիքին անհրաժեշտ պարագաներ մատակարարելուց, վաճառահանում է յուր ձեռագործը և ուրիշ տեղեր։ Կան մինչև անգամ այնպիսի գյուղեր, որոնց բնակիչները գրեթե բացառապես պարապած են միևնույն արհեստով և նորանով են ապրում։ Փաստեր շատ կան, հիշենք նորանից միայն մի քանիսը։

Շամախու գավառի Լահիջ թրքաբնակ գյուղը հատկապես պարապած է պղնձագործությամբ և ամբողջ գավառին, նույնիսկ մասամբ նահանգին, նա է մատակարարում տնային