երբ նա զարգացած է մի որևէ ճյուղում, այնտեղ տնայինը պիտի անհետանա։
Բայց առայժմ որ նա տկար է՝ տնայինը տակավին գոյություն ունե յուր զանազան տեսակներով։ Կովկասյան ցուցահանդեսում ներկայացված իրերից շատերը գեղեցիկ ապացույց են մեր ասածին։ Արժե միայն ուշադրություն դարձնել, և այցելուն կտեսնե այստեղ զուտ տնային արդյունաբերության նմուշներ, թեև, պիտի խոստովանել, ոչ լիակատար։ Վերոհիշյալ Լահիջ գյուղի պղնձեղենների տեսակներից կան մի քանի ափսեներ, կաթսաներ և այլն, ի միջի այլոց, և մի բավական հաջող շինված սամովար, իսկ Լահիջ գյուղը, ինչպես ասացինք, զուտ տնային արդյունաբերությամբ է պարապում։
Սակայն, մի քանի օր շարունակ այցելելով այդ բաժանմունքը, մենք նկատեցինք, որ ցուցահանդեսի վարչությունը գլխավորապես ուշադրություն է դարձրել քաղաքներում և մանավանդ Թիֆլիսում գործադրվող արհեստների վրա, ուստի մասնակցողների մի մասը քաղաքային արհեստավորներ են։ Դա շատ բնական է, որովհետև քաղաքներից մեծ բան ստանալը ավելի դյուրին է եղել, քան հեռավոր գյուղերից։ Բայց չնայելով սորան, ցուցահանդեսի այս բաժանմունքը շատ հարուստ պիտի համարել և խիստ հետաքրքրական մանավանդ հայ այցելուի համար։ Հայ արհեստավորների ձեռագործները այդտեղ թե քանակության և թե հատկության կողմից առաջին տեղը բռնելով, միանգամայն նսեմացնում են մյուսներին, և երբ մարդ այդ բաժանմունքը տեսնում է, ակամա կարծում է, թե ցուցահանդեսը հայկական է և ոչ Կովկասյան։
Թվել մի առ մի բոլոր արծաթյա, պղնձյա և ոսկյա շքեղ ձեռագործները—անկարելի է, ուստի հիշենք միայն ամենագլխավորը։ Թիֆլիսի արծաթագործ պ. պ․ Սիրունյանը, Մելիք-սեթբեկյանը և ուրիշ շատերը ներկայացրել են արծաթյա և ոսկյա այնպիսի նուրբ և գեղեցիկ առարկաներ, որ ակամա գրավում են մարդու ուշքը և հիացնում իրանց շքեղությամբ։ Այստեղ երևում է հայ արհեստավորների անհուն համբերությունը, խորին հմտությունը և բնածին տաղանդ ճաշակը։