Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/461

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Պ. Խադարովիչը ինքը լեհացի է, շատ վաղուց յուր բնակությունը հաստատած Թիֆլիսում։ Այս տարի նա յուր ձռագործի մի քանի օրինակները ուղարկել է Փարիզի աշխարհահանդեսը։

Գեղարվեստական մասին կարելի է վերաբերել նույնպես և պ. Դանիել Ղազյանի ներկայացրած յոթ հատ փայտյա նկարները — էջմիածին, Ոգի Հայաստանի, Վենետիկ և այլն։ Պ. Ղազյանն ինքնուս է, նա շինում է նույնպես և կիսարձաններ գիպսից։ Յուր ներկայացրած պատկերներից մեկը նա մտադիր է նվիրել Թիֆլիսի Գայանյան դպրոցին՝ ցուցահանդեսը վերջանալուց հետո։

ԳՐԻԳՈՐ ԱՐԾՐՈԻՆՈԻՆ

Դու ասպարեզ եկար այն ժամանակ, երբ նոր միայն հայի խավար հորիզոնի վրա նշմարվում էր լուսո շողքը։

Դու ասացիր, ես կզորեղացնեմ այդ լույսը, մի կողմից մղելով դեպի նա իմ մայրենի ժողովրդին, մյուս կողմից ամուր ձեռքով բարձրացնելով այդ սրբազան լուսո աշտանակը։

Իրավունք ունեիր, որովհետև ազգը վաղուց էր սպասում այդ ձեռքին։

Բայց ի՞նչն էր քո ամենահզոր զենքը — արդյոք միայն լո՞ւյսը, համոզմունքը, գրելու ձի՞րքը։ Ոչ. միայն դու ժամանակի ծնունդն էիր և քո ժողովրդի հարազատ զավակը։

Քո մեջ մարմնացած էր դարավոր բողոքը մի ազգի, որ իր ճակատագրի դեմ շատ բան ՛ուներ ասելու։ Եվ դու կոչված էիր նրա նվիրական զգացմանց կենդանի թարգմանը լինելու։

Այդ էր քո զորության բուն հիմքը։ Դու խիստ էիր խավարի դեմ կռվելում, և ուրիշ կերպ չէր կարող լինել։ Քո սիրտը և հոգին թելադրում էր քեզ, թե միայն ուժգին հարվածներով կարելի է հաղթել թշնամուն։ Դ

ու խոսում էիր թունավոր լեզվով, որովհետև այդ թույնը միայն կարող էր ոչնչացնել ամբոխի բարոյական աղտեղությունները։