Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/460

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

առարկաներ, ի միջի այլոց, և մի շատ գեղեցիկ հովհար, նույնպես փղոսկրյա, որի գինը նշանակված է 120 ռուբլի։ Նույն պահարանում կան և ծիրանի փայտից շինված թանաքամաններ, պնակներ, ծխախոտամաններ, մոխրամաններ, զարդարված մետաղյա նկարներով։ Դրսում նստած է մի լեզդի արհեստավոր և ի տես այցելուների գործում է այդպիսի բաներ։

Ուշադրության արժանի է վրացի պ. Յասոն Բախտաձեի հնարած աբաժանող մեքենան», որով ամենայն ճշտությամբ կարելի է զանազան չափեր շինել մի մետաղից մինչև 1 /256 դյույմ։ Որքան համբերություն։ Մնացյալ արհեստագործական ինքնուրույն բերքերից արժե հիշել Հենեի էլեկտրական ժամացույցը, Տոլլեի արհեստանոցի ներկայացրած կանացի շքեղ զգեստը, Կոպպեի դաշնամուրները։ Այս բոլորը Թիֆլիսում շինված բաներ են։

Դաղստանից, Քութաիսի և Գանձակի նահանգներից և ուրիշ գավառներից ներկայացրած բրդեղեն գործվածքների մեջ կան մի քանի նուրբ կտորներ։ Առանձին ուշադրության արժանի է մի լեզգուհու ուղտի բրդից գործած գեղեցիկ, նուրբ շալը, որ արժե 150 ռուբլի։ Գորգերի, և կապերտների մեջ կան և շատ սիրունները։ Կան և Պարսկաստանի գորգեր, որ մեր կարծիքով միանգամայն ավելորդ են, քանի որ հանդեսը Կովկասյան է։ Նույնպես չգիտենք ինչ իրավունքով այստեղ բուն է դրել Վոլսգոդսկ նահանգից մի չարչի և վաճառում է եղջյուրներից շինած զանազան առարկաներ։

Գյուղական կյանքով հետաքրքրվողները մեր նկարագրած բաժանմունքում կարող են տեսնել Կովկասի զանազան ազգություններին և ցեղերին պատկանող գյուղացիների տնային կահ-կարասիք, գործիքների և հագուստների օրինակներ, նույնպես և Երևանի նահանգի և Վրաստանի խեցեղեն ամաններ։

Այս կողմից, պետք է ասել, որ բաժանմունքը շատ հարուստ է։

Գեղարվեստական բաժնի բացակայության պատճառով, տնային արդյունաբերության բաժնումն են գրված տապան-պավոր անդրիագործ պ. Խադարովիչի երեք հատ գեղեցիկ պղնձաձույլ անդրիները։