Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/464

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հասարակության բարձր շահերին։ Ահա այդ փաստերի վրա էլ մենք կանգ կառնենք ներկա ակնարկում։

Որպեսզի ճիշտ գնահատենք այն ծառայությունները, որոնք Արծրունին մատուցել է իր ազգին, անհրաժեշտ է թեկուզ մի թռուցիկ հայացք նետել ռուսահայերի հասարակական կյանքի այն ժամանակաշրջանի վրա, երբ Արծրունին մուտք գործեց հրապարակախոսական ասպարեզ։

Դա վաթսունական թվականների վերջն էր և յոթանասնական թվականներիր սկիզբը, մի ժամանակ, երբ հայերի մեջ դեռևս գոյություն ունեին բավական աղոտ պատկերացումներ հասարակական կյանքի մասին ընդհանրապես, և լրագրության ու հրապարակախոսության մասին՝ մասնավորապես։ Դրանից ոչ շատ առաջ հիսնական թվականների գործիչների առաջին, թեև ուժգին բարոյական հարվածներից արթնացած հասարակական ինքնագիտակցությունը, թվում էր, թե նորից սկսել էր սուզվել քնի մեջ այն բանից հետո, երբ ասպարեզից հեռացան վիպասան Աբովյանը, բանաստեղծ— հրապարակախոս Նալբանդյանցը և պրոֆեսոր Նազարյանը։ Սրանցից առաջինը անհայտ կորավ, երկրորդը անողորմ թոքախտի զոհը դարձավ, երրորդը հուսահատված, դեռևս կենդանության օրոք, վայր դրեց գրիչը։ Նրանք գործունեության ասպարեզը թողեցին այնպիսի մարդկանց, որոնք թեև մասամբ զինված էին եվրոպական գիտելիքներով, բայց բավական հեռու էին հասարակական մտքի ղեկավարների իրական խնդիրներն իմանալուց։ Դրանք այնպիսի մարդիկ էին, որ դաստիարակված էին իրենց դարն ապրած սկզբունքներով, մարդիկ, որ քարոզում էին, թե հայերի համար կրոնական նեղ շահերից դուրս փրկություն լինել չի կարող, որ հայերի առաջավոր մասի բոլոր ջանքերը պետք է նվիրվեն եկեղեցու անկախությունը պահելու գործին...

Ճիշտ է, երբեմն հնչում էին նաև առանձին ձայներ հօգուտ այլ սկզբունքների, հօգուտ հայերի ավելի էական պահանջների, բայց այդ ձայները դեռևս այնքան թույլ էին, որ հնապաշտների ձայների ընդհանուր բազմության միջից հազիվ էին հասնում հասարակությանը։ Բայց և այնպես դա մի կենդանի բողոք էր ընդդեմ