Համազասպ Մամիկոնյանցի և այլ պայազատ իշխանների գերեզմանները։
Նորից այստեղ տեսանք Դաղստանի հերոս իշխ. Մովսես Արղությանի գերեզմանը, կից առ կից իր հոր գերեզմանի հետ։
Ես չեմ ուզում մի առ մի նկարագրել այս կիսավեր շինությունները։ Մխիթարական ոչինչ չկա այստեղ։ Պատերի, սյուների և կամարների քարերը դուրս ցցված, հատակը քարուքանդ, պատուհանները և դռները շատ տեղ մանր-մունր խճերով և ցեխերով լցրած, խոնավ, կեղտոտ — ահա ընդհանուր պատկերը։ Ավելացրեք սրան և զանազան անհայտ այցելուների անարժան վարմունքը գեղեցկաշեն սյուների հետ։ Ամեն մի չնչին արարած կամեցել է իր անունը դրոշմել այստեղ կավիճով, մուրով, ածուխով, ինչով որ ասեք։ Շատերը խոր փորագրել են խոշոր տառերով ոչ միայն իրենց ազգ ու անունները, այլև այցելության ժամանակը, նպատակը։ Եվ այս բոլորից ավերվել են և ավերվում են գեղեցիկ սյուները։
— Նայեցեք, այս ի՞նչ Վարդան է, չլինի՞ թե Բարձրբերդցին է:
Նայեցինք, կարդացինք մի ահագին գերեզմանաքարի արձանագրությունը, Վարդանն էր, այլ ոչ Բարձրբերդցին։
«Այս է տապան Վարդանա արքեպիսկոպոս Օձնեցու»։
— Բայց չէ՞ որ նա դեռ կենդանի էր և, իր ոտը շուրջառներով, շապիկներով, փիլոններով փաթաթած, պառկած է անկողնում ։
— Այս տապանը,— պատասխանեց վանքի տիրացուն,— չգիտեմ որ նշանավոր մարդունն է. քարի վրա եղել է նրա անունը։ Հանգուցյալ Սարգիս Ջալալյանցը, այստեղ վանահայր եղած ժամանակ, ջնջել է և իր անունը փորագրել, այժմ վանահայր Վարդան Օձնեցին է ջնջել Սարգսի անունն և իր անունը փորագրել։ Դա սովորական բան է. մի՞թե չտեսար Հաղբատում Հովսեփ վարդապետ Խարազյանցի գերեզմանը, որ այժմ էջմիածնում ոչխար է արածացնում։
Շատ բաներ էինք լսել վանահայրերի մասին, բայց իր անունն ուրիշի ոսկորների վրա դրոշմել՝ այս մեզ համար դեռ նորություն էր: