Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/50

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ընդարձակ, խուլ պատուհաններ․ սրանք մի ժամանակ եղել են զորքերի պահարաններ։

Մատենադարանը շինված է վանքից շատ հեռու, այն է՝ 1163 թվականին քրիստոսի։ ՈՒստի մյուս շինություններից նա համեմատաբար դեռ ամուր է մնացել։ Բայց, ո՛վ գռեհկություն, վանքի ներկա կառավարիչը ինչ բարբարոսությամբ է վարվում այդ հրաշալի շինության հետ։ Այնտեղ, ուր նախնի միաբանները իրենց հոգևոր պաշտոնեությունից ազատ ժամերը նվիրում էին մտավոր կրթության, այժմ, մագաղաթյա ձեռագրերի փոխարեն, դարսված են ոչխարաց հոտած մորթիներ, յուղով լիքը, սևացած ահագին պղնձե կաթսաներ, խոնավությունից ծաղկած, բորբոսնած տկեր և տկճորներ, կոտրած կուժ ու կուլաներ։ Ավելացրեք սրան և մոտ քսան ահագին գետնափոր կարասներ, որոնք, մեր այնտեղ եղած ժամանակը, դատարկ էին, բայց շուտով պիտի լցվեին վանահոր համար։

Ամոթ եմ համարում ավելի նկարագրել այն աղտոտությունը և գարշահոտությունը, որ տիրում էին այդտեղ։ Մեր ամեն մի նկատողության վանքի հոգևոր սպասավորութինից մինը... պատասխանում էր արհամարհական ժպիտով։ Նա շատ տարօրինակ էր համարում մեր ասածը, թե մի այդպիսի շինություն, բացի պատմական լինելուց, իր անզուգական գեղեցկությամբ արժանի է, որ ավելի մաքուր պահվի։

— Ի՞նչ հնություն, ի՞նչ գեղեցկություն,— ասաց նա վերջը, այ, թող էս կարասները լցվին, ուրիշ բան հարկավոր չէ մեզ։

Եվ այս ասելիս, հոգևոր հոր կարմիր դեմքն և յուղալի աչքերն այնպես փայլեցին, որ վիճաբանել նրա հետ․․․ անկարելի էր։

Դուրս եկանք այդտեղից, ազատվեցինք այն գարշահոտ մթնոլորտից։

Սանահին գյուղից դեպի Աևորդյաց ձորը կա երկու ճանապարհ, մեկը կարճ—ոտքով երթևեկության համար, մյուսը երկար, որով երթևեկում են ձիով։

Մենք ընտրեցինք առաջին ճանապարհը, վանքի արևմտյան կողմից։