Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/501

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

շնորհակալություն հայտնեցին մի նույնչափ զգացված ճառով։

Հանդեսը վերջանալուց հետո, հայ և վրացի աշակերտները դիմեցին դեպի մահմեդականների մեջիտը։ Ճանապարհին բոլոր թուրքերը և հայերը, ի պատիվ հանդեսի, կողպեցին իրանց խանութները և հետևեցին նրանց։ Մեջիտը, հարկավ, չէր կարող տեղավորել այդ երեսուն հազարի չափ ամբոխը։ Հոգևորականների առաջնորդությամբ նա դիմեց դեպի մահմեդականների գերեզմանատուն։ Եվ այստեղ կատարվեց հոգեհանգիստ Բաքվում կոտորված թուրքերի համար։ Եվ այդտեղ ժողովված հայ, վրացի և թուրք ամբոխը հանդիսավոր երդում տվեց՝ առ միշտ մնալ եղբայրներ և գործել հանուն երկրի ընդհանուր բարգավաճման։ Նույնպիսի խուռն ամբոխի ներկայությամբ կատարվեց վրաց Քաշվեթի եկեղեցում նահատակների հիշատակին հոգեհանգիստ՝ բոլոր աշակերտների և աշակերտուհիների ցանկությամբ։

Որքան հանդիսավոր, խորհրդավոր և փառահեղ էին այդ տեսարանները, նույնքան և խրատական չարություն սերմանոդների համար։ Նրանք անհերքելի ապացույցներ էին, թե չկա Կովկասյան ազգությունների մեջ հիմնավոր թշնամություն։ Այն մարդիկ, որ ճգնում են Բաքվի դեպքը բացատրել ազգայնական ատելությամբ կամ մուսուրմանների ֆանատիկոսությամբ, սոսկալի հանցանք են գործում ճշմարտության դեմ։ Ոչ պակաս մոլորվում են և նրանք, որոնք տնտեսական պայմաններին են վերագրում աղետը։ Ուր, ուր, Բաքվում չկա տնտեսական ճնշում ոչ մի ազգության կողմից՝ մյուսի վրա։ Բաքվի թուրքերը նույնչափ, գուցե ավելի, ապահով են տընտեսապես և առուտուրի մեջ, որքան և հայերը, իսկ զուտ դրամագլխով նրանք անհամեմատ հարուստ են հայերից։ Չարիքի պատճառները պետք է հայերի և թուրքերի հարաբերություններից դուրս որոնել։ Այս միայն մեր կարծիքը չէ, այլև ամբողջ ռուս, հայ և վրացի մամուլի, այլև բոլոր խելացի մուսուլմանների, այլև ռուս ինտելիգենցիայի լավագույն մասի։ Հետևելով Բաքվի դեպքերի առիթով Բաքվում, Թիֆլիսում