Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/503

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Բաքուն բոլոր բարեգործական հանգանակությունների ժամանակ առաջին դերն է ունեցել։ Նա կատարյալ իրավունք ունի ամբողջ Կովկասի, նույնիսկ Ռուսիայի վրա։ Կովկասը տալիս է և էլի կտա։ Ռուսիայից նպաստներ չպիտի սպասել, ռուս ժողովուրդը յուր սեփական տառապանքներն ունի։ Նա ժամանակ և ուժ չունի մեր մասին մտածելու.․․

Այո...

Բաքվի քաղաքային խորհրդարանը հատկացրել է վնասվածների օգտին 50000 ռուբլի, իսկ նավթարդյունաբերների ժողովը 100000 ռուբլի։ Կլինեն և ուրիշ մասնավոր նվերներ։ Բոլոր վնասվածները կստանան նյութական օժանդակություն։ Բայց ինչ՞ով պետք է փոխարինվի նրանց կորուստները, նրանց սպանված քույրերը, մայրերը, ամուսինները, զավակները և ծնողները։ Արդյոք այդ մտքո՞վ, որ դրանք ակամա նահատակներ էին ապագայի անդորր կյանքի համար։ Նրանց արյունով պիտի ձեռք բերենք մեր ապագայի կուլտուրական խաղաղ առաջադիմությունը։

Թող չարերը գործեն հանուն չարության։ Մենք, Կովկասյան փոքրիկ ազգություններս, չհուսահատվինք և հավատանք, որ հաղթությունը ճշմարտությանն է պատկանում։ Ռուսիայի գահույքի բարձրությունից արդեն լսվեց ճշմարիտ խոստովանության ձայնը, թե չկա զորություն առանց ժողովրդի ուժի։ Նիստեր են կազմվում, ժողովներ են գումարվում պետության կազմը առողջացնելու համար։ Կովկասը ներկայացնում է լայնա֊ ծավալ Ռուսիայի մի մասը և կբուժվի նույն դեղով, որով պիտի բուժվի մարմնի ամբողջ կազմը։ Կանցնին դառն ու վշտալի օրերը, կգան ուրախ օրեր։ Կփարատվի վերջիվերջո տիրող խավարը, և լույսը կսփռվի անխտիր ամենքիս վրա։ Միայն այն գաղափարն ունի այժմ ուժ, որ քարոզում է եղբայրություն բոլոր ազգերի մեջ առանց ծագման և կրոնների խտրության։ Այո ապացուցված է մարդկության հանճարեց իմաստուններից և ապացուցվեց գործով, — փետրվարի ցույցերով։

Որչափ է եղել Բաքվի նահատակների թիվը—մինչև այսօր դեռ պարզված չէ։ Բաքվի ռուս լրագրները հետզհետե