Եվ միայն հասարակությունը չէ վնասվողը, այլև պետության գանձարանը, եթե, բարոյականը մի կողմ թողնելով, վերցնենք միայն նյութականը։ Տերությունը Բաքվից ստանում է տարեկան 120 միլիոն ռուբլի եկամուտ — պետության ընդհանուր բյուջեի մի քաներորդականը։ Կարելի է երևակայել, թե այդ ինչ զգալի կորուստ կլինի պետական գանձարանի համար, եթե իրերի դրությունն այսպես շարունակվի։ Ուրեմն որ կողմ նայում ենք, ամենուրեք վնաս և վնաս։ Ի՞նչ միտք ուներ անողորմ կոտորածը Բաքվում։ Ի՞նչ գաղափարի ծառայեց այն․․․
Կոտորածը տևեց ուղիղ երեք օր և երեք գիշեր։ Սկսվելով փետրվարի 6֊ին, մոտավորապես 2 ժամին, վերջացավ փետրվարի 9֊ին, կեսօրից հետո։ Երեք սև օրեր, որ Կովկասի պատմության, ուրեմն և Ռուսիայի պատմության մեջ պիտի բռնեն ամոթալի, խայտառակ էջեր։
Երբ խաղաղությունը տիրում է, թուրք և հայ հանդիպում են իրարու ուրախության զգացումով և անկեղծ ցավակցությամբ սեղմում են իրարու ձեռը։ Բուն բաքուցիների մեծ մասը չի կարողանում մինչև այսօր էլ հաշիվ տալ իրան, թե ինչպես պատահեց փորձանքը։ «Այդ մի բազա էր (փորձանք), երկնային պատիժ, որ եկավ անցավ մեր գլխովս, ասում են թուրքերը։ Իսկ հայերը դեռ չեն արթնացել ապշումից, այժմ էլ նրանք սոսկումով և դողալով են հիշում արյունալի օրերը։
Ով և ինչ ևս լինի անասելի թշվառության սկզբնապատճառը, պիտի ապագա պատմության մեջ դրոշմվի անջնջելի նախատինքով։
Միայն չորրորդ օրը կոտորածի թշվառները կարողացան տիրանալ իրանց մերձավորների դիակներին։ Սոսկալի է այն տեսարանը, որ այդ օրը ներկայացրել են հայ և թուրք գերեզմանատները և քաղաքի հիվանդանոցները։ Խնայելով մեր ընթերցողների նյարդները, կանգ չենք առնիլ այդ տեսարանի վրա։ Բայց ահա մի սրտաշարժ պատկեր, որի առջև պիտի