Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/52

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

պիտի ցած իջնեինք։ Մեր առաջնորդը ժայռի ծայրում նախազգուշացրեց մեզ, թե մի անզգույշ քայլ, մի թեթև սայթաքումն բավական է, որ մարդ իսկույն գլորվի անդունդը։ Բայց կասկածում եմ, որ մարդ մինչև անդունդը հասնի, եթե այդպիսի թշվառություն պատահի նրան։ Ոչ, իր անկման կես ճամփին նրա մարմինը պատառ–պատառ կմնա ժայռի հսկայական ասեղների նման ամենուրեք ցցված սուր, եռանկյունաձև անթիվ ատամների վրա։

Սկզբում մենք ընթանում էինք առանց մի առանձին դժվարության. մեր ուղիի աջ ու ձախ կողմերում բուսած թփերը քողարկում էին մեր ոտքի տակ անդունդը. նրանք կարող էին իրենց թանձրաբույս, փշալից ճյուղերով պահպանել մեզ, եթե ընկնեինք։ Բայց շուտով ընդհատվեց թփերի շարքը. բացվեցին աջ ու ձախ ժայռերի մութ խորշերը և խոռոչները։ Հարկավոր էր յուրաքանչյուր մի քայլ մտածելով փոխել, նախ որոշել ոտ դնելու տեղը՝ և ապա դնել։

Ստորոտում հետզհետե ավելի պարզվում էր Դեբեդա գետը, և նրա ձայնը լսվում էր ավելի ու ավելի որոշ. դեպի ձախ, գետի մյուս ափում, լեռների ստորոտում երևում էին Սանահնի կանաչազարդ այգիները, դեպի աջ ոչինչ չէր երեվում, բացի վիթխարի ժայռերից, որոնք իրարու դեմ կանգնած հովանավորում էին գետը։

Որքան ցած էինք իջնում, այնքան ուղին դժվարանում էր․ այլևս հող չկար մեր ոտների տակ, գնում էինք, կամ ճիշտըն ասած, սողում էինք դեպի ցած լերկ ապառաժների ողորկված մակերեսով։ Ստեպ֊ստեպ հենվելով այդ ապառաժներին, նայում էինք վեր. մեր ճանապարհը չէր երևում և զարմանալի էր թվում, թե ինչպես ենք ցած իջնում այդ հսկայական պատից, որի ներքո մարդ իրան զգում է ճնշված, ոչնչացած մի աննշան էակ։ Բայց դա դեռ ճանապարհի կեսն է, մյուս կեսը տակավին մնում է։ Գետի ափում կա մի նեղ շավիղ, որ տանում է դեպի Հաղբատ. այդ շավղով գնացող գյուղացիները երևում էին մրջյունների մեծությամբ։ Հանկարծ մեր առաջնորդը կանգնեց, ձեռով ցույց տվեց ճանապարհը և կրկին անգամ նախազգուշացրեց։ Մեր առջև բացվեց մոտ երեք սաժեն բարձրությամբ մի ապառաժ։ Ուրիշ