ճանապարհ չկար, մենք պիտի ցած իջնեինք այդ բոլորովին ուղղահայաց միապաղաղ քարապատով։ Գյուղացին, առանց երկար մտածելու, վայր գցեց իր ուսովը ձգած խուրջինը և, նստելով, սկսեց սողալ դեպի ցած, ձեռներով բռնելով ժայռի դուրս ցցված տեղերից։ Մենք հետևեցինք նրա օրինակին։ Վայ նրան, որ այսպիսի տեղերում կմտածի ընկնելու մասին. երկյուղից նրա ոտները կդողան, և այն ժամանակ նա կարող է թավալվել գլխիվայր ներքև։
Հազիվ ցած էինք իջել, երբ մեր հետևից լսվեց մի անծանոթ ձայն։ Նայեցինք դեպի ետ. ապառաժի գլխին կանգնած, էր մի ծեր, սպիտակամորուս մարդ, մի ձեռին ցուպը, մյուս ձեռով բռնած մի մոտ ութ տարեկան ոտաբոբիկ աղջկա ձեռը։
Զարմանալի էր տեսնել, թե այդ ծերունին և այդ երեխան ինչպես աներկյուղ մի վայրկյանում ցած իջան,— նախ աղջիկը, ապա ծերունին։
Ծերունին աղջկա պապն էր և նրա հետ միասին գնում էր այգի։
Վերջապես, մենք իջանք ձորը և մոտեցանք Նանայի կամուրջին։ Դա Սանահնի շրջակա նշանավոր հնություններից մեկն է, որի մասին ժողովրդի մեջ պտտում են զանազան ավանդություններ։
Պատմում են, թե Նանան եղել է մի շատ գեղեցիկ իշխանազն օրիորդ։ Նրա բռնակալ ծնողները վճռել են ամուսնացնել նրան չսիրած մի իշխանավորի հետ։ Նանան երկար աղերսել է ծնողներին, որ չզոհեն նրան իրենց քմահաճության, այլ տան այն հասարակ քաջ որսորդին, որին նա սիրում էր և որից սիրված էր։ Ծնողներն ուշադրություն չեն դարձրել նրա աղերսանքների վրա։ Երբ հասել է նշանդրության ժամանակը, Նանան խնդրել է ծնողներին, որ թույլ տան իրան Դեբեդա գետի վրա կառուցել մի կամուրջ և հետո պսակեն։ Ծնողները համաձայնվել են։ Նանան, անախորժ մարդու կողակցությունից ազատվելու համար, կամուրջը շինել է տվել երկար տարիների ընթացքում, մինչև որ ինքն արդեն հասնում է ծերության հասակին։
|