Առանձնապես հայ-թրքական թշնամության մասին կոմսը ասել է թղթակցին հետևլայը.
«Մուսուլմանները, որ եղել են այս երկրի տերերը, երկար ժամանակ հայերին նայել են իբրև իրանց ճորտերին։ Վերջապես դրությունները փոխվել են, այժմ հայերը իբրև շատ աշխատասեր և շատ կրթված տարր, ձեռք են բերել աչքի ընկնող տնտեսական դիրք։ Եվ ահա նախանձի գզացումը՝ ֆանատիկոսությունից գրգռված, առաջացրել է այժմյան ընդհարումը, որ կխափանվի շուտով։ Պարսկաց սահմանների մոտ ցցված մի քանի կանաչ դրոշակներ չեն կարող մեզ լուրջ անհանգստություն պատճառել»։
Գրեթե այստեղի բոլոր լրագիրները լուրջ հետաքրքրված են Կովկասի դեպքերով, և օր չի անցնում, որ մենք տեղեկություններ չունենանք մեր երկրի մասին։ Ֆրանսիացիները կարդում են այդ տխուր լուրերը և սոսկում, թե ինչեր են կատարվում քսաներորդ դարում մի եվրոպական համարված պետության սահմաններում։ Հայի հանդիպելիս նրանք իրանց բուռն ցավակցության հետ արտահայտում են բուռն վրդովմունք։ Խոսում են բարձրաձայն ինչ-որ զուր տեղը դրված միլիարդների մասին։ Երբ Սենայի վրա ես, ցույց են տալիս մի փառահեղ նորաշեն կամուրջ, որ Փարիզի շքեղություններից մեկն է Շանզ — էլիզե արվարձանում։
— Դա մեր թեթևամտության արձանն է, — ասում են նրանք,— որ շտապեցինք կառուցանել րոպեի տպավորության տակ։ Բարեկամ էինք մի հսկայի, հույս ունեինք, որ նա մի օր, վերջապես, կջնջի մեր մեջ երեսունուհինգ տարի մեր սիրտը կրծող զգացումը վրիժառության, որ ստեղծեց էլզաս-Լոթարինգիայի կորուստը։ Բայց հսկան հայտնվեց անզոր։ Նրա ոտները խեցիից էին և կործանվեց թզուկներից։— Կորցնելով իր վարկը եվրոպական պետությունների շարքում, կորցրեց և մեր հույսը և փոխարենը ձգեց մեր սիրտը մի տեսակ ամոթի զգացում, որ ճնշում է մեզ այսօր։
— Այդ ձեր սխալն էր,— հարկադրված ասում են ֆրանսիացուն,— կարո՞ղ է միթե լինել բարեկամություն ազատության և բռնակալության մեջ։ Այդ ձեր սխալն էր, պատմական մի անզգույշ քայլ։