Երկուսից մեկը, ասում են. կամ պետք է հայրենիքի փողոցներում նահատակվել կամ փախչել։ Մենք ընտրեցինք վերջինը...
ԺԱՆՆ ՎԵԲԵՐ
Ժանն Վեբերն այն հավիտենական տիպերից է, որ բնությունը ժամանակ առ ժամանակ ժայթքում է, կարծես ապացուցանելու, թե մարդ էակը որքան և քաղաքակրթվի, ըստ էության գազան է։
Ժանն Վեբերը մի սոսկալի հրեշ է, որի նմանը եղել է սրանից երեսուն տարի առաջ Իտալիայում, ինչպես ասում է Լոմբրոզոն։ Դուք հիշում եք անշուշտ Սոլեյանին, որ իր բարեկամի տասներեք տարեկան աղջկան բռնաբարելուց հետո սպանել էր ու հետո դիակը մաս-մաս կտրատել։ Այս սոսկալի եղեռնագործության կոշմարը նոր միայն չքացավ Փարիզից, երբ հրեշն անհետացավ Ֆրանսիայի սահմաններից՝ իբրև հավիտենական աքսորական։
Ժանն Վեբերը Սոլեյան չէ։
Նա Ջեկ չէ, նա Ջեք չէ,որ սրանից մոտ տասնհինգ տարի առաջ Լոնդոնի խուլ անկյուններում բռնում էր ձեռքն ընկած կանանց, տանում անտառ և իր սուր դանակով պատռում նրանց որովայնը։ Եվ պատռելուց հետո իր զոհերի դիակների վրա թողնում էր թղթի մի կտոր, ուր գրված էր՝ «Ջեկ, որովայն պատռողն»։
Ժանն Վեբերը Տրոպման չէ, որին նկարագրեց Տուրգենևը՝ ինչպես մի առեղծվածի։ Տրոպմանը սառնարյուն խողխողեց վեց թե ութ հոգուց բաղկացած մի ընտանիք, սառնարյուն խոստովանեց իր ոճիրը և կախաղան բարձրանալուց կես ժամ առաջ, երբ հագնվում էր, սառնարյուն արտասանեց. «Ձախ կոշիկս սեղմում է ոտքս»։ նա տասնութ տարեկան էր։ Ժանն Վեբերը ոչ մեկն է, ոչ մյուսը, ոչ երրորդը։ նա այդ