Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/57

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Անհոգ, անփող, անգործ, չորս մանր զավակների տեր այդ Հաթամն այն գյուղական պռոլետարներից մեկն էր, որոնց թիվը վերջին ժամանակ բազմանում է մեր երկրում։ Հաթամն ուներ միայն մի նիհար ձի, այն էլ երկու աչքով կույր, որ, հարկավ, ոչ մի օգուտ չէր բերում նրա համար: Հետաքրքրվեցինք իմանալ, թե այդ ողորմելին ի՜նչպես է կառավարում իր ընտանիքը։ Գյուղացիները սկզբում չէին կամենում ասել, գլուխները խորհրդավոր շարժում էին։ Կարծես, նրանք ամաչում էին Հաթամի պատճառով, որ իրենց հասարակության մեջ կան այնպիսի անդամներ։

— Ձեռքը իստակ չի,— ասաց, վերջապես, մեկը,— գիշերները հանդարտ չի մնում։ Աչքը լավ չի սովորել, էն օրը Հարումյանց Շաքարի փեթակներից մեկը կոտրել էին... իմացանք ով էր... ուրիշը չէր անիլ... Տնաքանդը եթե տիրոջը ծախեր, երկուպատիկը կստանար... տարել էր Բորչալու, երկուսը տասը շահիով թուրքերի վրա սաղացրել... էհ, տղա ա էլի, մի կերպ գլուխը պահում ա... Ամա, աղա, մեր պարտքն ա ասել, զգույշ կացեք, թե չէ հալալ-հարամ մին է նրա համար...Քյուլֆաթն ա խեղճ, թե չէ ով կթողներ նրան այստեղ մնալ... էն էլ ասեմ, որ հերն ու ախպերները մարդ չեն... զրկեցին անխղճմտանքի տղերքը...

Ինքը Հաթամը շուտ-շուտ մեզանից հարցնում էր, թե արդյոք պատերազմ կլինի՞ և ե՞րբ։

— Ինչի՞դ է պետք պատերազմը,— հարցրի ես։ — Ըսենց ապրելից մեռնելը հազար փայ լավ ա,— պատասխանեց նա հառաչելով,— մի բան դուրս կգա ինձանից,— լավ դուրս չի գա— թող ջհաննամը, մին գյուլլա տան ռխովս, վեր ընկնեմ։ Աղա, ոտներիդ տակին մատաղ, հենց որ ձեն բարձրացավ բաալի վայնան բաշլամիշ իրավ, ինձ իմաց տուր,— դարձավ նա իշխան Արղությանին — ձեռքս քյոր ա կյամ, էն ա սիրտս հենց մի թունդ կռիվ ա ուզում։

Ճաշից հետո դուրս եկանք այգիներից խորհրդածելով, շարունակե՞նք արդյոք մեր ճանապարհորդությունը դեպի Օձուն, Մեծ-Ղարաքիլիսա, Ջալալօղլի, այնուհետև Ղարս, Անի, Կողբ։ Իսկապես այսպես էլ վճռել էինք Թիֆլիսից դուրս գալիս, բայց ժամանակի սղությունն ու մի քանի այլ