գամանքներ ստիպեցին հետաձգել այդ երկար ճամփորդությունը մինչև առաջիկա գարուն։ Եվ այս հույսով, մենք վճռեցինք վերադառնալ Սանահին։
Թևը կապած իշխանը խնդրեց Զաքարյանին «մի ճար անել» նրա կռան, որ վաղուց կոտրվել էր արմունկից վեր։ Ոսկորը երկու մասն էր եղել, բաժանվել իրարուց և առողջացել, այնպես որ կոտրված իշխանի կուռը ծալվում էր։ Նա խնդրում էր՝ մի դեղ անել, որ ոսկորները միանան, և նա կարողանա այն ձեռքով գործել։ Զաքարյանը ցավակցությամբ ասաց, որ գիտությունը դեռ այդպիսի դեղ չի հնարել։
Հանկարծ մեր դիմացի ժայռը թնդաց, արձագանք տվեց մի բարձրաձայն երգի։ Սանահնի ճանապարհի վրա երևաց մի ձիավոր, որ արագությամբ մոտենում էր մեզ։ Սև հնադարյան գլխարկը մի ականջի վրա ծռած, ֆարաջայի փեշերը հավաքած, գոտիից մի ահագին ատրճանակ քարշ արած, երևեցավ Գեղամ վարդապետ Բաբաջանյանը։ Նրա դեմքը, իսկական քաջարի տղամարդու պես ձի նստելու ձևը, վառվռուն աչքերն այդ րոպեին խիստ գրավիչ էին։ Մի քանի անգամ իր նժույգին ուժգին մտրակելով, նա արշավեց դեպի մեզ և մի ակնթարթում ցած թռավ։
— Դուք կարծում էիք, որ պիտի այդպես հեշտ ազատվեք Գեղամի ձեռքից։ Հայդա, ետ գնանք. էgուց սրբազանի ոչխարը պիտի մորթել տամ։ Ադա, Շաքար, Հաթամ, հավաքեցեք սրանց շալա-քյուլեն և տարեք գյուղը...
Բարձրանում էինք դեպի վեր դարձյալ ժայռերի տակով և ապառաժների վրայով, միայն Սանահնի երկրորդ ճանապարհով, որով երթևեկում են ձիով։ Որքան դժվար է ցած իջնելը, կրկնակի դժվար է բարձրանալն այդ տեղերով։ Այս ճանապարհը համեմատաբար լայն է, քան հետևակ երթևեկության ուղին, բայց նույնպես քարքարոտ, զառիվայր, որքան և վերջինը։ Երևակայեցեք, ձեզ մի ծուռումուռ սանդուղք՝ երկարությամբ մի քանի վերստ, որի մի ծայրը կպած է Նանայի կամրջին, մյուս ծայրը վերջանում է ժայռի գագաթում։
Նկարագրել այս բնական սանդուղքը, կնշանակե կրկնել այն, ինչ որ գրել եմ նախընթաց գլխում Սանահնի առաջին