Չգիտեմ Ահարոնյանը նախքան այդ թուղթը ստորագրելը խորհրդակցե՞լ է, բացի իր պաշտոնակիցներից, և ուրիշների հետ, և ովքե՞ր են եղել նրա խորհրդակիցները։ Դժվարանում եմ հավատալ, որովհետև չեմ կարող ենթադրել, որ որևէ հայ տար իր հավանությունը մի ա յդպիսի անխոհեմ քայլի։ Գալով Ահարոնյանին և իր պաշտոնակիցներին, թույլ եմ տալիս ինձ կարծելու, որ այդ ստորագրությունը տեղի է ունեցել ակամա, այս կամ այն քաղաքական միտումներից դրդված։ Սակայն ինչ էլ որ լինին դրդիչ պատճառները, կատարված գործն անթույլատրելի էր՝ ավելի բարձր քաղաքական միտումների տեսակետից։
Նախ և առաջ այդ զարմանալի հիշատակագիրը ծայրեիծայր մի թյուրիմացություն է։ Նա ոչ միայն խելացի չէ կազմված, այլև լեցուն է պատմական անճշտություններով և ժամանակակից իրականության բացարձակ աղավաղումներով։ նա հապճեպ մտածողության մի վիժում է։ Ավելին կասեմ. նա մինչև անգամ անհեթեթ է և ծիծաղելի։
Դեռ մի որոշ աստիճանի հասկանալի կլիներ, եթե հիշատագիրը ուղղված լիներ բոլշևիկների դեմ։Բայց այդպես չէ։ Հիշատակագիրը մի ամբողջ թշնամական ակտ է ռուս ժողովրդի դեմ։ Եվ ահա բնական և արդարացի է այն զայրույթը, որ նա հարուցել է Փարիզի ռուս գաղթականության մեջ։ Երևակայում եմ, որպիսի զայրույթ պիտի հարուցանե նա Կովկասում և Ռուսիայում։
Նա մի սպառնալիք է Կովկասի ոչ միայն հայ, այլև մյուս ժողովուրդների ապահովությանը, որոնց ներկայացուցիչները ստորագրել են նրան։
Ի՞նչ նպատակով է տրված այդ հիշատակագիրը։ Նախ՝ կասկածելի է, որ դաշնակից պետությունները լուրջ ուշադրոթյուն դարձնեն նրա վրա և, ավելի քան կասկածելի է, որ ստորագրողներին թույլ տրվի իրանց ցանկության համաձայն մասնակցիլ Զենովայի կոնֆերանսին։ Եթե նույնիսկ ուշադրության արժանանա այդ հիշատակագիրը և հանկարծ կոնֆերանսը մի հրաշքով որոշե անել աներևակայելին, այն է, կատարել նրա մեջ արտահայտված ցանկությունները, որոնց առաջինն է ռուսներին Կովկասից հեռացնելը, Ի՞նչ միջոցներով